Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին. «Վերջին հաշվով մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանը եղել է Մոնթե Մելքոնյանի շտաբի պետը»

Նոյեմբեր 18,2019 14:32

Այսօր, ինչպես հայտնի է, վարչապետը պաշտոնանկ է արել ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին եւ նրա երկու տեղակալներին՝ Վաչագան Ներսիսյանին ու Կամո Քոչունցին:

ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե դա կապ ունե՞ր ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Մովսես Հակոբյանին դեռ չեն հրավիրել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, բայց նախատեսում էին: Մեր հարցին՝ դա չի կաշկանդի չէ՞ նրան պաշտոնանկությունից հետո հրավիրել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք որեւէ բանից կաշկանդված չենք, կաշկանդվողներին փնտրեք «Վերնատանը»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ վարչապետի իրավասությունն է պաշտոնից ազատել նրանց:

Հիմա, երբ այլեւս Մովսես Հակոբյանը պաշտոն չունի, նրան կարո՞ղ են պարտադրել գալ քննիչ հանձնաժողովի նիստին՝ Քոչարյանը պատասխանեց, որ որևէ մեկին պարտադրելու իրավունք չունեն՝ անկախ պաշտոնից, բայց ում հրավիրում են՝ հաճույքով գալիս են՝ ի նպաստ մեր բանակի գիտակցմամբ. «Այլ բաներ փնտրել պետք չի, ձեր ցայտաղբյուրները թե ինչ կասեն՝ առաջնորդվեք պաշտոնական տեղեկատվությամբ»:

Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն այն պաշտոնյաներից էր, որը նախկին իշխանության հետ էր ասոցացվում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ նախկինի նախկին էլ է եղել. «Ընդհանրապես մեր զինվորականները ծառայություն մատուցել են բոլոր իշխանությունների ժամանակ: Ուրիշ բան, որ տարբեր ժամանակաշրջանում մեր զինվորականության նկատմամբ եղել է ուրիշ վերաբերմունք, որովհետեւ եղել է իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրանց օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպիսին եղել է Մարտի 1-ը»:

Հարցրեցինք՝ այն, որ Մովսես Հակոբյանի հետ պաշտոնանկ արվեցին նաեւ նրա տեղակալները՝ Ներսիսյանն ու Քոչունցը, ձեզ ի՞նչ է ասում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը երեւի խնդիրներ է առաջացրել. «Ես կարող եմ ասել, որ Կամո Քոչունցն էլ, Վաչագան Ներսիսյանն էլ մեր ԶՈՒ-ում ժամանակին ծառայություններ մատուցած զինվորականներ են, նաեւ Մովսես Հակոբյանը: Վերջին հաշվով մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի շտաբի պետը՝ Մարտունու պաշտպանական շրջանի, որի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը… Ուրիշ բան, թե ինչ արեցին մեր զինվորականների հետ հետագայում իշխանությունները»:

Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը Անդրանիկ Քոչարյանը գնահատեց որպես «աշխատանքային ազատում»: Հարցին՝ իր հետագիծը նայելով՝ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր Մովսես Հակոբյանը թաթախված լինել կոռուպցիոն կամ այլ գործարքների մեջ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ձեր հարցերը պետք է տաք այլ տեղ»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Մարտի 1-ի փաստահավաք խմբում Քոչունցին չեն կանչել, եթե Սերժ Սարգսյանը չլուծարեր այդ խումբը, գուցե կանչեին, բայց Քոչունցին լավ զինվորական է համարում. «Վախեր առաջացան առաջին հերթին Դավիթ Հարությունյանի մոտ, հետո այդ վախերը տեղափոխվեցին որոշում կայացնող Սերժ Սարգսյանի մոտ եւ անհիմն մեկնաբանությամբ փաստահավաք խումբը լուծարվեց»:

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է ընթանում այս պահին: Հանձնաժողովի անդամներն առայժմ գաղտնի են պահում, թե ով է հրավիրվել նիստին. «Թույլ տվեք աշխատենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ սահմանադրական փոփոխություններով` ռազմական տեսուչը դադարում է լինել նախագահին կից ինստիտուտ և անցնում է Պաշտպանության նախարարությանը։

*Ռազմական տեսուչը ունի պաշտպանության նախարարության և զորքերի վերահսկողական գործառույթ։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ազատումները կապված են ռազմական տեսուչի ինստիտուտի փոփոխման հետ, սակայն կնշանակվեն արդյոք նույն մարդիկ իրենց պաշտոններին, չի կարող ասել, բացի այդ, ի պաշտոնե իրավասու չէ, քանի որ տեսուչին և տեղակալներին նշանակում է վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930