Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված ֆրանսիահայ փաստաբան Սևակ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կախված է Նիկոլ Փաշինյանի կամքից:
«Հայելի» ակումբում Սևակ Թորոսյանն ասաց, որ ողջ դատավարությունը մեկ անձի կամքից է կախված ու մանրամասնեց. «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը քաղաքական անձնավորությունից է կախված, նա դատավոր չէ, այլ ՀՀ վարչապետը: Որևէ երաշխիք չկա: Դավիթ Գրիգորյանի պատկերն է այսօր բոլոր դատավորների մտքերում: Ով անկախ ձևով պիտի փորձի դատավարություն անցկացնել և որոշում կայացնել, որը վարչապետի ուզածին չհամապատասխանի: Երեք բան կա իր մտքում՝ խուզարկություն, քրեական գործ և հեռացում: ՀՀ-ում բոլորն դատավորներն էլ աղոթում են, որ մեծ գործերով չզբաղվեն: Փոքր գործերով ազատություն կա, լավ բաներ եմ լսել, բայց նման լուրջ խնդիրներ, որ վարչապետի նախկին երևակայած թշնամիներին է վերաբերում, վստահ եմ, որ դատավորներն աղոթում են, որ այդ գործերով չզբաղվեն»:
Նա նշեց, որ պետք է դատավորների պատերազմ սկսի, որ գնա դատավորների անկախացման գործընթաց:
Փաստաբանն ասաց, որ անգամ նախագահ Մակրոնն է արձագանքել իր նամակին և կարծիք հայտնել Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին: Սևակ Թորոսյանն ասաց, որ դրսում բոլորն էլ այն կարծիքին են, որ Հայաստանում կա փոքր գործերի դատավարություն, որտեղ կա անկախություն, բայց խոշոր գործերի դատավարություններում ամեն ինչ արտոնված է:
Հարցին՝ համաձա՞յն եք, որ Եվրոպական դատարանից արդեն սպասելիք պետք է ունենանք Ռոբերտ Քոչարյանի գործով, փաստաբանը պատասխանեց. «Մինչև դատավորների անկախության երաշխիք չունենանք, չենք կարող հույս կապել: Չենք կարող երևակայել, որ վաղը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով կհայտարարի, որ ներողություն է խնդրում այն խոսքերի համար, որ ասել էր՝ դատարանները փակեք, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործը լրացնելը սխալ էր: Կամ կասի, որ այսօրվանից երաշխիք կտամ, որ դատավորները նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի գործով անկախ են: Եթե նման բա լինի, կարող ենք սպասել, որ անկախ դատավարություն կարող է լինել: Բայց սա ընդամենը երազանք է: Ապտակը կարող է միայն դրսից գալ: ՍԴ դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ»:
Ըստ փաստաբանի՝ անմարդկային է մեկ դատավորի վրա ծանրացնել Ռոբերտ Քոչարյանի դատը. գոնե երեք դատավոր պետք է լինեն:
Անդրադառնալով դատավոր Արմեն Դանիելյանին՝ Սևակ Թորոսյանն ասաց. «Նման բան չեմ տեսել, որ դատավորը փաստաբանին խոսք չտա: Արմեն Դանիելյանի մասին է խոսքը: Աննա Դանիբեկյանինն այլ ոճ է: Նորմալ դատավորը Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանքից ազատեր: Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը սիմվոլիկ է: Սա սիմվոլ է, որ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունը պետք ունեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ