Վերջին օրերին Երեւանի քաղաքային իշխանություններն անընդհատ թմկբկահարում են, որ Երևանի 2020 թվականի բյուջեն աննախադեպ աճ է գրանցել: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը եւ Անի Խաչատրյանը մանրամասն բացատրեցին, թե ինչի՞ արդյունք է այդ աննախադեպ որակվող աճը: Ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, դա քաղաքային իշխանության` մայրաքաղաքում չարված աշխատանքի արդյունք է:
Հիշեցնենք, խոսքը 7 միլիարդ 500 միլիոն գումարի մասին է:
Անի Խաչատրյանը բացատրեց, որ 2019-ի բյուջեում թերածախս ունենք, որը անգերազանցելի է` 7 միլիարդ 500 միլիոն դրամ: Նման թերածախս է եղել անգամ, երբ Երեւանը քաղաքապետ չի ունեցել: Ի դեպ, աղբահանության համար նոր գնված «Կամազ» մակնիշի մեքենաները, ըստ Անի Խաչատրյանի, գնվեցին հենց անցած տարվա 7 միլիոն դրամ թերածախսի արդյունքում:
Թե ո՞ր կետերով է թերածախս գրանցվել, ընդդիմադիր ավագանիները դեռ չգիտեն: Բյուջեի կատարողականը կներկայացնեն` հստակ կլինի, թե որտեղ չեն ծախսվել այդ գումարները:
Կարդացեք նաև
«Այս պահին դեռ չենք կարող ասել`ավելացնո՞ւմ են կանաչապատման բյուջեն, թե անցած տարվա թերածախս է կցվել: Անցած տարի այդքան հրդեհներ եղան, աշխատանք արվե՞լ է, թե՞ …»,- տարակուսեց Անի Խաչատրյանը:
Նա նաեւ հավելեց, որ 2020 թվականի համար ունենք տուրքերի բարձրացում. եթե քաղաքացին իր տան պատուհանի տեղը փոխելու համար վճարում էր 15 հազար, այժմ 20 հազար կվճարի, եթե տանը փոքր շինարարություն էր անում եւ վճարում էր 75 հազար, հիմա`100 կվճարի, տանիքի ձեւափոխման 100 հազարի փոխարեն 200 կվճարի եւ այսպես: Այսինքն, տուրքերի ավելացման հաշվին է, որ եկող տարի էլ քաղաքի ավելի մեծ բյուջե է ակնկալվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ