ԱԺ-ում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին լրագրողները հարցրեցին՝ Երեւանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար 325 մլն է նախատեսել՝ մեկ անձից գնումների ընթացակարգով, Նիկոլ Փաշինյանը նախկինում նման դեպքում ասում էր՝ «բա կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում, հենց սա է», հիմա կոռուպցիան պոզով-պոչով կենդանի՞է, թե՞ հենց սա է: Վարդանյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել, ընդամենը թռուցիկ հարց եմ տվել, թե ինչ կազմակերպություն է իրականացնելու: Ինձ ասացին, որ դա միակն է, որը կատարում է նման ծավալի միջոցառումներ»: Նա ասաց, որ պետք է կազմակերպություններ ձեւավորվեն, որ մրցակցություն լինի: Դիտարկմանը, որ արդեն տարուց ավելի է՝ չեն ձեւավորվում այդ կազմակերպությունները, միգուցե խնդիրներ կան՝ նա պատասխանեց, որ եթե կան խնդիրներ, ինքը պատրաստ է զբաղվել:
Լրագրողները հիշեցրին, որ աղբահավաք մեքենաներն էլ մեկ կազմակերպությունից են գնել, պատգամավորը պատասխանեց, որ եթե նույն մեքենան մի քանի կազմակերպությունից գնեին, գինն ավելի բարձր կլիներ, քան միանգամից մեծաքանակ գնումների դեպքում: Դիտարկմանը, որ նախկինում էլ էին այդպես բացատրում, ըստ էության, ոչինչ չի փոխվում՝ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ ընթացակարգի խախտում չի եղել:
Երբ ասացին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ էր՝ պատգամավորն արձագանքեց. «Ես հարցում եմ արել, ինձ պատասխանել են, որ միակ կազմակերպությունը, որը կարող է այդ ծավալի միջոցառումներ ապահովել, այդ կազմակերպությունն է»: Նա խոստացավ ավելի մանրամասներ իմանալ ամանորյա ծախսերի ու ընթացակարգի հետ կապված ու տեղեկացնել:
Ծովինար Վարդանյանը խոսեց նաեւ «Վերնատուն» ակումբի մասին: Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ