Ըստ Արմեն Վարդանյանի՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԼՂ կարգավիճակի հստակեցման հետ կապված, հիմնականում ուղղված էր Ադրբեջանին:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԼՂ կարգավիճակի հստակեցման հետ կապված, թե կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա, հիմնականում ուղղված էր Ադրբեջանին:
«Առավոտի» հետ զրույցում Արմեն Վարդանյանն այս առիթով մանրամասնեց. «Իհարկե, դա առաջին հերթին Ադրբեջանին էլ ուղղված է, բայց դա միայն Ռուսաստանի ուղերձը չէ, այլ ամբողջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, քանի որ մշտապես ասվել է, որ ղարաբաղյան համակարտությունը ռազմական լուծում չունի: Այսինքն՝ Սերգեյ Լավրովը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է տվյալ դեպքում հանդես գալիս»:
Արմեն Վարդանյանը շեշտեց՝ այդ հայտարարությունը ուղղված չէ Հայաստանին, քանի որ Հայաստանը միշտ էլ հանդես է եկել կառուցողական դիրքերից. «Հայաստանը երբեք չի հայտարարել, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով, ու այս ուղերձն ավելի շատ Ադրբեջանին էր վերաբերում, քան ՀՀ-ին»:
Կարդացեք նաև
Մյուս հարցին՝ նաեւ քննարկումներ կան, որ 2020-ի սկզբին ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրի երկարացման հարց կարող է քննարկվել, արդյոք կարելի՞ է Սերգեյ Լավրովի այցը կապել նաեւ այս հարցի հետ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք, որ ռուսական մամուլում են նման լուրեր շրջանառվում, ապա տեսականորեն հնարավոր է այդ տարբերակը, բայց կարծում եմ՝ այս փուլում առայժմ չի քննարկվել, ավելի շատ բիոլաբորատորիաների հարցն է քննարկվել: ՌԴ-ին ավելի շատ դա է հետաքրքրում. ռազմաբազաների հարցը հավանաբար հաջորդ տարի կքննարկվի»:
Մեր հիշեցմանը՝ թեեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը մինչեւ ապրիլի 1-ը չի թանկանա, բայց խոսակցություններ, միեւնույն է՝ կան, եւ արդյոք ՀՀ-ի՝ այս հարցով ՌԴ-ի կախվածությունը չի՞ մեծանում, փորձագետն արձագանքեց՝ այդ կախվածության մեջ վաղուց ենք ընկել, նոր չենք ընկնում. «Գազի հարցը մեզ վրա դամոկլյան սրի նման նստած է: Մինչեւ այլընտրանք չունենանք, այս հարցը կլինի: Դա մինչեւ 2040-ական թվականները կա. 2013-ին գազային պայմանագրով «Գազպրոմին» մենաշնորհներ տվեց Հայաստանը՝ բացառիկ մենաշնորհներ, քանի որ ամբողջ այդ գազային համակագն էլ պատկանում է «Գազպրոմին», ապա ՀՀ-ն միշտ լինելու է «Գազպրոմից» եւ Ռուսատանից գազային կախվածության մեջ»:
Հստակեցմանը՝ իսկ նախադրյալներ կա՞ն այդ հարցը լուծելու համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին չեմ տեսնում, որ իշխանությունն ուզում է այդ հարցը լուծել: Նախադրյալներ միշտ էլ կան, ուղղակի քաղաքական կամք է պետք»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ օրինակ Վազգեն Մանուկյանի հրաժարականին, Արմեն Վարդանյանը նկատեց, որ նա արդեն մտել է ակտիվ քաղաքականության մեջ, օրինակ՝ մեկ օր առաջ տեղի ունեցավ նրա՝ «Վերնատուն» կոչվող ակումբի առաջին նիստը:
Ըստ Արմեն Վարդանյանի՝ հիմա, երբ Հանրային խորհրդի նախագահը չէ, ինչքան ուզում է՝ կարող է քննադատել իշխանություններին. «Ինքը, 2008-ի մարտի 1-ից լինելով ՀԽ նախագահ, երբեք աչքի չէր ընկել իշխանություններին սուր քննադատելու հարցում, բայց հեղափոխությունն ակնհայտորեն շատ ծանր է տարել Վազգեն Մանուկյանը ու տեղի-անտեղի շատ հաճախ իշխանության հարցերին հանդես է գալիս կոշտ քննադատությամբ: Երբ ինքն արդեն դուրս է եկել Հանրային խորհրդից, որեւէ խնդիր չկա. կարող է քննադատել ինչքան ուզում է: Բայց նախկինում դա լուրջ խնդիր էր, քանի որ քաղաքական չեզոքություն պիտի պահեր»:
Հիշեցմանը՝ ակտիվություն է նկատվում նաեւ Միքայել Մինասյանի կողմից եւ հարցին՝ որո՞նք են նրա հավակնությունները, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ինքը կարծես ուզում է նոր բեւեռ ստեղծել իշխանության դեմ՝ ռեալ համախմբի, կոնսոլիդացնի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին եւ նրանց, որոնք դժգոհ են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից: Այս առումով նա հայտ է ներկայացրել՝ առայժմ միայն հոդվածներ է հրապարակել, բայց չի էլ բացառվում, որ հետագայում փորձի նաեւ ակտիվ քաղաքականություն մտնել: Մինչ այժմ նա միայն ստվերային քաղաքական գործունեություն էր ծավալում, հիմա ուզում է ստվերից դուրս գալ եւ բացահայտ քաղաքականությամբ զբաղվել»:
Արմեն Վադանյանի բնութագրմամբ՝ Արցախի 2020 թվականի ընտրությունները լինելու են բացառիկ եւ մրցակցային: Հարցին՝ ո՞վ է ՀՀ իշխանությունների ֆավորիտ թեկնածուն՝ Արայիկ Հարությունյա՞նը եւ ինչպե՞ս կգնահատի նրա ու մյուս թեկնածուների շանսերը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունները երկու ֆավորիտ թեկնածու ունեն՝ Մասիս Մայիլյան եւ Արայիկ Հարությունյան: Բայց իմ կարծիքով՝ թիվ մեկ թեկնածուն Մասիս Մայիլյանն է: Դա պլան ա-ն է, եթե չլինի, պլան բ-ն՝ Արայիկ Հարությունյանը: Պիտի ասեմ, որ սա երբեւէ ամենաբացառիկ եւ ամենամրցակցային ընտրությունն է լինելու Արցախում, որի ելքը նախապես կանխորոշված չէ: Այնպես որ, առաջին փուլում անցնող չի լինելու, որեւէ մեկն ակնհայտ առավելություն չի ունենալու, երկրորդ փուլից հետո կընտրվի Արցախի նախագահ: Արայիկ Հարությունյանն ահռելի ֆինանսական միջոցներ ունի, Արցախի թիվ մեկ օլիգարխն է, նաեւ վարչական ռեսուրսի մեծ մասն իր համար կաշխատի: Դրա շնորհիվ այս պահին կարծես թե թիվ մեկ ֆավորիտն ինքն է: Ամեն ինչ պիտի անեն, որ գեներալիտետի թեկնածուն, որն ամենայն հավանականությամբ կլինի Վիտալի Բալասանյանը, չանցնի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2018