Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված ամուսինները տուժող են ճանաչվել ՀՔԾ-ի կողմից

Նոյեմբեր 18,2019 12:30

Այս տարվա հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատապազ Արթուր Դավթյանին էին դիմել «հանցագործության մասին» հաղորդմամբ ամուսիններ Լյովա Բադալյանն ու Մարինե Գեւորգյանը՝ Արտաշատի ոստիկանության բաժնի կողմից իրենց տուն ապօրինի ներխուժելու, իրենց ծեծի ենթարկելու կապակցությամբ, պահանջելով քրեական գործ հարուցել:

«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին, մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի եւ մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել եւ ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանել այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար (գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ): Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երեւանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով՝ զանգահարել է «116 թեժ գիծ»՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն՝ մեզ բան չպատահի, մինչեւ փաստաբանը Երեւանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թեւը մտած մտերմաբար տարավ դուրս, եւ մենք լսեցինք՝ մի խփեք, ինչու եք խփում, մի խփեք…: Ես վազեցի դուրս եւ տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենա եւ մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին, մեջքին եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով՝ մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա, ասացի՝ ուր եք տանում տղայիս, որովհետեւ բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես, ամուսինս՝ Լյովա Բադալյանը, եւ տղաս՝ Գագիկ Բադալյանը, փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից». «Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին» (https://www.aravot.am/2019/10/14/1071915) հրապարակմամբ բարձրաձայնեցինք այդ մասին, հանդիպելով ամուսիններին ՀՔԾ-ին դիմում հանձնելիս:

Հրապարակման օրը ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ծառայողական քննություն է սկսել, իսկ ՀՔԾ-ն հոկտեմբերի 24-ին  քրեական գործ է հարուցել ոստիկանների նկատմամբ:

ՀՔԾ-ին ամուսինները տեղեկացրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում Արտաշատի ոստիկանության ծառայողները բազմիցս զանգել են իրենց տղային՝ Տիգրան Բադալյանին, բանավոր կանչելով ոստիկանություն՝ Վերին Արտաշատ գյուղում բնակարանից ոսկու գողություն կատարելու համար: «Սեպտեմբերի 16-ին տղային առանց փաստաթղթերի տարել են Արտաշատի բաժին, անձնագիրը պահել էին, նոր հաջորդ օրը՝ փաստաբանի հետ գնացել են բաժին եւ վերցրել  անձնագիրը, սակայն կրկին մեզ անընդհատ զանգահարել եւ անհանգստացրել է Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, որ տղաս գնա ոստիկանություն: Այդ կապակցությամբ փաստաբանը գրավոր դիմել էր Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռ. Ներսիսյանին, որպեսզի որեւէ քրեադատավարական գործողություն կատարելու դեպքում Տիգրան Բադալյանին բաժին հրավիրեն գրավոր ծանուցմամբ, ինչպես նաեւ Արտաշատի  «Ֆաստկրեդիտ» մասնաճյուղում ՀՀ ոստիկանության մարմինների եւ ՀՀ քննչական մարմինների կողմից  որեւէ քրեադատավարական գործողություն՝ այդ թվում առգրավում կամ ճանաչում կատարելու  համար  ապահովեն իր եւ փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը: Դրանից հետո արդեն գրավոր ծանուցում ուղարկեցին տղայիս եւ նա պատշաճ կերպով փաստաբանի հետ գնացել է Արտաշատի քննչական բաժին եւ հարցաքննվել որպես վկա»,-հայտնել էին զրուցակիցներս:

Ըստ նրանց, Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, սպառնացել էր, ասելով՝ «մեկ է՝ բռնելու ենք տղայիդ»:

Երբ փաստաբանի հետ հաջորդ օրը գնացել են ոստիկանություն, քրեականի պետը հրաժարվել է նրանց ընդունել: Այդ մասին մի քանի անգամ «116 թեժ գծով» փաստաբան Լ.Բալյանն ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, տեղյակ պահելով, որ Արտաշատի ոստիկանության կողմից կատարվում են ապօրինություններ:

Ծեծի օրը  61-ամյա ամուսնուն անգիտակից վիճակում տեղափոխել էին Արտաշատի վերակենդանացման բաժանմունք: Մոտը սրտի նոպաներ են եղել՝ ինֆարկտի նախանշաններով:

Իսկ երեկոյան Արտաշատի բաժնի ոստիկանները, թե քննիչները եկել են տեղազննության, Արտաշատի բաժնի քննիչ Այվազյանը զանգահարել էր Մ.Գեւորգյանին  եւ ասել, որ վերոհիշյալ դեպքի հետ կապված նրան կանչում են Արտաշատի ոստիկանություն որպես վկա, ինչից հրաժարվել էր:

Տեղեկացնեմ, որ ոստիկանների նկատմամբ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ հարուցվել է քրեական գործ: Ըստ դատաբժշկական փորձաքննության, ընտանիքի չորս անդամներն ունեն մարմնական վնասվածքներ, Լյովա Բադալյանը մի քանի ամիս առաջ սրտի ստենտավորում էր տարել եւ հաշմանդամ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930