Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ծանոթացրել է Փարաջանովը»

Նոյեմբեր 18,2019 12:00

Վերոնիկա Ժուրավլյովա եւ Վիգեն Բարխուդարյան ամուսնական զույգը իրեն նվիրել է փարաջանովյան արվեստի ուսումնասիրությանն ու տարածմանը

Վերջերս հրատարակված Փարաջանովի արվեստը ներկայացնող «Մաեստրո» գիրք-ալբոմը բուռն քննարկումների առիթ է դարձել  արվեստագետների ու արվեստասերների շրջանում: Իրավացիորեն շրջանառվում է այն միտքը, որ եւ «Մաեստրոն», եւ նախորդ՝ «Արարատ լեռան գանձերը» աշխատությունը արդյունք են հայ-ռուսական ընտանեկան համագործակցության. հեղինակները ամուսիններ են՝ Վերոնիկա Ժուրավլյովան եւ Վիգեն Բարխուդարյանը: Ոմանք  կարծում են, թե ամուսինների միությունն ու նրանց ստեղծագործական «արդյունքը»՝  փարաջանովյան գրքերը, իսկապես հիանալի սցենար են ֆիլմի համար: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հեղինակները նշեցին, որ իրենց «ծանոթացրել» է  Փարաջանովը:
Մասնագիտությամբ հոգեբան Վերոնիկա Ժուրավլյովայի գիտական թեզը արդեն պատրաստ էր, երբ դիտելով  Գեորգի Դանելիայի «Անտոմս ուղեւորը» ֆիլմը, իր համար բացահայտեց Փարաջանովին: «Հատկապես ինձ հետաքրքրեց այն, որ արվեստագետը ճաղերի ետեւում էլ մնացել է արվեստագետ: Կարելի է պատկերացնել՝ ինչերի միջով է անցել նա, կալանավայրում ստեղծելով 800 աշխատանք… Հետո գնացի Մոսկվայի Լենինի անվան գրադարան ու  սկսեցի փարաջանովյան հետաքրքրությանս հագուրդ տալ…»,- ասում է Ժուրավլյովան: Նա առաջին անգամ Հայաստան է այցելում 2015թ., մասնակցում Սլավոնական համալսարանում անցկացվող  գիտական կոնֆերանսին: Իսկ հետո, քանի որ  Փարաջանովն «իրեն հանգիստ չէր տալիս», որոշում է կայացնում սովորել հայերեն: Հաճախում է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կից դպրոց եւ ուսանում, իր խոսքերով՝ հիանալի մասնագետ Շողիկ Փահլեւանյանի մոտ. 5-6 ամիս հետո գրում-կարդում էր հայերեն: Հաջորդ տարի՝ 2016թ., դարձյալ ժամանում է Հայաստան, ծանոթանում ապագա ամուսնու՝ Վիգեն Բարխուդարյանի հետ, որը հանդիսանում է Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահը, ու հաստատվում Երեւանում: Միառժամանակ անց Ժուրավլյովա-Բարխուդարյան զույգը հիմնում է Parajanov Art Laboratorium-ը: Սկսվում են առաջին՝ «Արարատ լեռան գանձերը» գրքի աշխատանքները, որը հրատարակել է «Կոլաժ» հրատարակչությունը: Գիրքը բաղկացած է փարաջանովյան 17 սցենարներից, որոնցից 6-ը ներկայացված են առաջին անգամ: Դա 2018 թվականն էր: Այդ աշխատությունը նույն թվականին մասնակցում է Մոսկվայում գրքի փառատոնին, հետագայում շրջում շուրջ 40 երկրով: Բացի սցենարներից, ներկայացված են նաեւ փարաջանովյան 80 կոլաժ:  Հեղինակները հիշում են հրատարակչությունից ստացված ուրախալի լուրը, թե գրքերն արդեն պատրաստ են, եկեք-վերցրեք: Դա ապրիլի 23-ին էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, երբ փակ էին Երեւանի փողոցները: Փաստում են, որ գրքի ծնունդը համընկավ հեղափոխության հաղթանակի օրվա հետ, ու իրենց համար սպասված այդ օրը կարողացան գրքի ընդամենը մի քանի օրինակ  վերցնել:
Մինչ վերջերս Երեւանում կայացած շնորհանդեսը՝ «Մաեստրո»-ն, որի հրատարակությունը իրականացրել է «Անտարեսը», ամռանը ներկայացվել է Մոսկվայում՝ կոլաժի փառատոնում, այնուհետեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը, ինչին հաջորդել են Ղազախստանում անցկացված փարաջանովյան երեք երեկոները: Ալմա Աթայում ցուցադրվել են «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը եւ ներկայացվել է  գիրք-ալբոմը: Այս աշխատանքով հեղինակներն իրենց հիացմունքն ու երախտագիտությունն են հայտնում Փարաջանովին՝ նրա ծննդյան 95-ամյակի տարում: Գրքի 5 բաժինները ներառում են նրա աշխատանքներն ու դրանց մանրամասն նկարագրությունները, որոնք հիմնված են արվեստի պատմության վերլուծության վրա եւ պարունակում են հատվածներ հարազատների, ընկերների եւ գործընկերների հուշերից: Պատմում են, որ գիրք-ալբոմի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հանդիպել են Փարաջանովի մտերիմների, կենսագրի՝ Կորա Ծերեթելիի, նրա ամուսնու՝ Լեւոն Գրիգորյանի հետ, որը «Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովի ասիստենտն էր, անձնական նկարիչ Յուրի Մեչիտովի հետ, օգտվել են Գարեգին Զաքոյանի «Նամակներ ճամբարից»  աշխատությունից: «Մաեստրոյի» առիթով նկարահանել են տեսահոլովակ, ինչը, հեղինակների ձեւակերպմամբ՝ ավելին է, քան տեսահոլովակը: Օպերատորը Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան է, կոմպոզիտորը՝ ամերիկաբնակ Արտյոմ Մանուկյանը, որի երաժշտությունը հնչում է օսկարակիր «Կանաչ ավտոմեքենա» ֆիլմում, իսկ վոկալիզը կատարում է աշխարհահռչակ Միքայել Մայոն: Մեր զրուցակիցները հավաստիացնում են, որ ունեն փարաջանովյան եւս 5-6 նախագծեր, այդ թվում՝ վավերագրական ֆիլմ, նաեւ ներկայացում՝ դոկումենտալ-թատրոն ձեւաչափով:

Ինչ վերաբերում է 2  ծավալուն աշխատանքների հրատարակմանը, ամուսինները հայտնեցին, որ ի սկզբանե դրանք փորձել են իրականացնել Արեւմուտքում տարածում ստացած եւ արդյունավետ դրամահավաքի եղանակով, ինչը կարելի է անվանել ժողովրդական ֆինանսավորում, որին մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:  Հավաքված գումարին ավելացրել են նաեւ որոշակի բաժին ընտանեկան բյուջեից:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930