ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է նրա թեկնածության հարցը: Պատգամավորներին ներկայացնելով իր կենսագրությունը՝ նա նշեց, որ 2009թ.-ից աշխատել է Ոստիկանության համակարգում՝ որպես՝ քննիչ, այնուհետեւ՝ ավագ քննիչ, իսկ ներկայում ՀՀ Քննչական կոմիտեի՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ է, հանդիսանում է նաեւ արդարադատության 3-րդ դասի խորհրդական:
Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու է ԲՀԿ-ն առաջադրել հենց իր թեկնածությունը, ի՞նչ առնչություն ունի Նարեկ Համբարձումյանը ԲՀԿ-ի հետ եւ ինչպե՞ս կվարվի, թե, օրինակ, ԲՀԿ-ին առնչվող որեւէ դեպք քննի: Համբարձումյանը պատասխանեց. «Որեւէ առնչություն եւ կապ չունեմ ԲՀԿ-ի հետ: Ենթադրում եմ, որ կուսակցությունն ինձ առաջադրել է՝ հաշվի առնելով իմ կրթությունը, մասնագիտական ճանապարհն ու հանրությանը հայտնի իմ կերպարը: Որեւէ անձ երբեք չի կարողացել ներգործել իմ որոշումների եւ եզրակացությունների վրա: Եթե ընտրվեմ, նշանակություն չի ունենալու՝ մենք ԲՀԿ-ի՞ վերաբերյալ ենք որեւէ տվյալ ուսումնասիրելու, թե մեկ այլ անձի»:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, որ ԲՀԿ-ն բարձր է գնահատել Համբարձումյանի աշխատանքը եւ գտնում է, որ այն ծառայելու է հանձնաժողովի աշխատանքին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ