ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում կառավարությունը 6 տարի ժամկետով առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:
Խոսելով կենսագրության մասին՝ Լիլիթ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ աշխատանքային փորձ ունի ֆինանսական համակարգում՝ ռիսկերի վերլուծություն եւ կառավարում, ստուգում, ֆինանսական հանցագործությունների բացահայտման վերահսկիչ գործիքակազմի մշակում եւ մշտադիտարկում, հաճախորդների ռիսկայնության սահմանում, եւ վերապատրաստվել է ՀՀ-ում եւ արտերկրում:
«Ղեկավարում եմ ֆինանսական հաստատության՝ բանկի այն ստորաբաժանումը, որն ունի հատուկ գործառույթ՝ ուսումնասիրում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի հայտարարագրերը եւ դրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն պահանջներին: Զբաղվել եմ ֆինանսական հանցագործությունների միջազգային չափանիշները հայկական օրենսդրությանը համապատասխանեցնելով»,-նշեց Լիլիթ Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովին, Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ անհրաժեշտ է կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ավտոմատացված համակարգի ներդրում, որը թույլ կտա խորքային ուսումնասիրել առավել ռիսկային պաշտոնյաներին եւ իրադարձությունները:
Կարդացեք նաև
Ըստ թեկնածուի՝ հանձնաժողովի առավել արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է նաեւ պաշտոնյաների գույքի հայտարարագրման գործընթացի վերանայում եւ հայտարարագրերի հրապարակման առավել արդի եղանակներ, նվերների եւ հրավերների հայտարարագրում. «Այս եւ այլ առաջադեմ մեխանիզմների ներդրումն ու գործող մեխանիզմների կատարելագործումը, մասնավոր կառույցների հետ գործակցությունը կհանգեցնեն հանձնաժողովի կայացմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ