Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Կալինինան` Ջեյմս Մորիարթիի, Կոմիտասի, բրիտանական եւ հայկական մշակույթների կամրջման մասին

Նոյեմբեր 18,2019 11:30

Արդեն երրորդ տարին է՝ Երեւանում կայանում է «Բրիտանական եւ հայկական երաժշտական կամուրջ» նախագիծը` իր ուրույն ավանդը ներդնելով հայ-բրիտանական մշակութային փոխառնչության տիրույթում: Նախագծի առաջին համերգը նվիրված էր Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Օրեր առաջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ նախագծի երրորդ համերգը` նվիրված Կոմիտասի հիշատակին, որի առանցքում բրիտանացի կոմպոզիտոր Ջեյմս Մորիարթիի` «Կոմիտասի հիշատակին» ստեղծագործությունն էր` գրված Եղիշե Չարենցի համանուն պոեմի հիման վրա:
«Բրիտանական եւ հայկական երաժշտական կամուրջ» նախագիծը նպատակ ունի տարածել հայ գրականությունը եւ մշակույթն աշխարհում բրիտանացի կոմպոզիտորների միջոցով եւ ներկայացնել բրիտանական դասական եւ ժամանակակից երաժշտությունը հայ կատարողների ուժերով: Այս նախագծի շնորհիվ կոմպոզիտորական արվեստում լուրջ հայտ ներկայացրած  բրիտանացի երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորները` Ջոնաթան Վուլգարը, Ջեյմս Մորիարթին, Ալիս Հանթերը եւ Ջոզեֆ Հովարդը (որոնք սերտորեն համագործակցում են հեղինակավոր երաժշտական կոլեկտիվների, համերգասրահների եւ փառատոների հետ` Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախումբ, Բրիտտեն սիմֆոնիա, Royal Albert Hall, Basilica San Marco, Wigmore Hall, Aldeburgh Festival եւ այլն), հնարավորություն են ստացել առնչվելու հայ բանաստեղծական մտքի հանճարին` գրելով ստեղծագործություններ Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Վահագն Դավթյանի բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունների հիման վրա:


Ներկայացնում ենք զրույց նախագծի հեղինակ, կազմակերպիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինայի հետ:

– Պատմեք, խնդրեմ, նախագծի սկզբնավորման մասին:

– Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում ուսանելիս կազմակերպել եմ համերգներ այլազգի երաժիշտների մասնակցությամբ` ներկայացնելով հայ երաժշտությունն օտարազգի հանդիսատեսին: Լոնդոնյան համերգներից կուզենայի առանձնացնել մեկը, որը կայացել է 2015 թ. Թագավորական Երաժշտական Ակադեմիայում: Համերգին մասնակցում էին սլովենացի սոպրանո, «Մարիա Կալլաս» մրցանակի դափնեկիր Նիկա Գորիչը եւ բրիտանացի տենոր Ահարոն Գոդֆրի-Մեյեսը, որոնց հետ աշխատեցի չորս ամիս: Նրանք հրաշալի կատարեցին Կոմիտասի մեներգերը բնագրով` հայերեն: Աշխարհի լավագույն երաժշտական բուհերից մեկը համարվող Լոնդոնի Երաժշտական Ակադեմիայի գրադարանում բացակայում էին Կոմիտասի ստեղծագործությունների նոտաները, հատուկենտ էին հայ կոմպոզիտորների պարտիտուրները, եւ ես փորձեցի  դասախոսական կազմին եւ ուսանողներին ավելի մոտիկից ծանոթացնել հայ երաժշտությանը` նախաձեռնելով հայ երաժշտության համերգներ: Այդ համերգները մեծ հետաքրքրություն արթնացրեցին օտարազգի երաժիշտների եւ բրիտանացի կոմպոզիտորների շրջանում (որոնց հետ սովորում էի Երաժշտական Ակադեմիայում)  հայ երաժշտության եւ մշակույթի հանդեպ` ծնելով «Բրիտանական եւ հայկական երաժշտության կամուրջ» նախագիծը ստեղծելու գաղափարը Հայաստանում:
– Նախագիծը, կարծես, հայտ է ներկայացնում դառնալու ամենամյա յուրօրինակ երաժշտական  իրադարձություն` փոխադարձաբար հարստացնելով հայ-բրիտանական մշակութային հարաբերությունները: Խնդրեմ ներկայացրեք նախագծի արդեն կայացած երեք համերգները:

– 2017 թ. Երեւանում կայացած «Բրիտանական եւ հայկական երաժշտական կամուրջ» նախագծի առաջին համերգին բրիտանացի կոմպոզիտորներն արտահայտեցին հայ մշակույթի հանդեպ իրենց սերը. Ջոնաթան Վուլգարը եւ Ջեյմս Մորիարթին երաժշտություն  գրեցին Վահան Տերյանի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա, ժամանեցին Հայաստան եւ ներկա գտնվեցին համերգին: Բրիտանացի կոմպոզիտորները համերգի ավարտին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմից Կոմիտաս երգեցին հայ օպերային երգիչների հետ: Նախագծի երկրորդ համերգը կայացավ 2018 թ. եւ կրում էր «Բրիտանական եւ հայկական երաժշտության նոր երկխոսություն» խորագիրը, որին մասնակցեց արդեն երեք բրիտանացի կոմպոզիտոր: Հատկանշական է, որ ամեն տարի բրիտանացի նոր կոմպոզիտոր է միանում նախագծին` իր երաժշտական ներդրմամբ: Այս տարի Ալիս Հանթերն էր միացել Ջոնաթան Վուլգարին, Ջեյմս Մորիարթիին եւ Ջոզեֆ Հովարդին:

Այս տարվա համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին եւ կրում էր «Կոմիտասի հիշատակին» խորագիրը: Համերգի առաջին հատվածում հնչում էին Կոմիտասի հայ ժողովրդական երգերի եւ Բենջամին Բրիտտենի բրիտանական ժողովրդական երգերի մշակումները: Հատուկ այս համերգի համար բրիտանացի կոմպոզիտոր Ջեյմս Մորիարթին Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի հիման վրա գրել էր աղոթքի նմանվող երկու սոպրանոների դուետ, որով, ինչպես կոմպոզիտորն է նշում, իր հարգանքի տուրքն է մատուցում  երկու ստեղծագործ հսկաներին` Կոմիտասին եւ Չարենցին: Սա Ջեյմսի արդեն երրորդ  անդրադարձն է  Չարենցի պոեզիային. նա գրել է նաեւ տենորի եւ դաշնամուրի համար «Կան անտես հյուրեր» ստեղծագործությունը` ըստ Չարենցի համանուն բանաստեղծության, ինչպեսեւ սոպրանոյի եւ դաշնամուրի համար «Շնչում ես» ստեղծագործությունը`  չարենցյան ռուբայաթների հիման վրա:
Համերգի ընթացքում Ջեյմս Մորիարթիի ստեղծագործությունների կողքին հնչեցին բրիտանացի կոմպոզիտորներ Ջոզեֆ Հովարդի, Ալիս Հանթերի եւ Ջոնաթան Վուլգարի ստեղծագործությունները` գրված հատուկ այս նախագծի համար` հայ բանաստեղծների տեքստերով: Ինչպես  բրիտանացի կոմպոզիտորներն են նշում համերգի բուկլետում ներառված իրենց խոսքում` նրանք հիացած են հայ պոեզիայի գեղեցկությամբ ու հարստությամբ: Ալիս Հանթերն իր` տենորի եւ դաշնամուրի համար «Մշտապես մեռնում է – ու հար է» ստեղծագործությունը գրել է չարենցյան ռուբայաթների հիման վրա: Նա նշում է, որ իրեն ոգեշնչել է Եղիշե Չարենցի հուժկու թափն ու սլացքը: Ջոնաթան Վուլգարին, որը գրել է իր «Երեւակայական սիրահարը» ստեղծագործությունը` ըստ Վահան Տերյանի «Fatum», «Արարատին», «Անծանոթ աղջկան», «Երկու ուրվական», «Հրաժեշտի խոսքերից» բանաստեղծություններից քաղված հատվածների հիման վրա, գրավել է Տերյանի ռոմանտիզմը: Ջոնաթանը գրել է նաեւ «Երազ» ստեղծագործությունը` ըստ Վահագն Դավթյանի գեղեցիկ բանաստեղծության:  Իսկ Ջոզեֆ Հովարդը նշում է, որ Ավետիք Իսահակյանի պոեզիան  իր համար իսկական բացահայտում է դարձել եւ ոգեշնչել գրելու  տենորի եւ դաշնամուրի համար «Գետակի վրա» ստեղծագործությունը` ըստ Իսահակյանի համանուն բանաստեղծության:

Հուզիչ է արձանագրել հայ դարավոր մշակույթի հանդեպ բրիտանացի կոմպոզիտորների հիացմունքն ու սերը: Կուզենայի նշել, որ նրանց ստեղծագործությունները շատ տպավորիչ են, ազդեցիկ, հարազատ են հայ բանաստեղծների ոգուն եւ բացահայտում են հայ պոեզիայի նրբերանգները: Շատ ուրախ ենք, որ բրիտանացի կոմպոզիտորների ոգեշնչման աղբյուր դարձած հայ մեծ բանաստեղծների` Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի շառավիղները ներկա էին համերգին. նրանց ներկայությունը  բոլորիս ջերմ լիցքեր   հաղորդեց:

Բրիտանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները  եւ համերգային ողջ ծրագիրը հրաշալի, խորը արտահայտչականությամբ  ներկայացրեցին  հայ օպերային մեներգիչներ` սոպրանո  Սոֆյա Սայադյանը եւ  տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, որոնք նախորդ տարիներին եւս ներգրավված էին նախագծում: Համերգին մասնակցում էր նաեւ սոպրանո Մարգարիտա Սարգսյանը:

– Նախագիծն ընդգրկուն է: Այն ներկայացնում եք Ձեր ուժերով` հանդես գալով նաեւ որպես կոմպոզիտոր եւ դաշնակահար: Դուք, որպես հայ կոմպոզիտոր, գրել եք ստեղծագործություն անգլիացի բանաստեղծ Բայրոնի տեքստով:  Ինչպե՞ս եք իրագործում նախագիծը:

– Նախագծի առաջին համերգի աջակիցն էր Երեւանում Բրիտանական դեսպանությունը: Իսկ հաջորդ երկու համերգներն իրականացրել եմ բացառապես իմ ուժերով:

Բրիտանացի եւ հայ երաժիշտների միջեւ համագործակցությունը ծավալուն է եւ արգասաբեր: Համագործակցության յուրաքանչյուր փուլում բրիտանացի եւ հայ երաժիշտները խորհրդակցել են միմյանց հետ եւ մեկտեղ ձեւավորել նախագծի ընթացքը: Անգլերեն թարգմանությամբ հայ պոեզիայի ծաղկաքաղն ուղարկել եմ բրիտանացի կոմպոզիտորներին, նրանք ընտրել են իրենց սրտին հարազատ բանաստեղծություններ, որոնց հիման վրա էլ գրել են վոկալ ստեղծագործություններ եւ հայ երաժիշտ-կատարողներին ուղարկել դրանց պարտիտուրները: Մեկ անգամ եւս նշեմ, որ բրիտանացի կոմպոզիտորները  ոգեւորությամբ եւ խորին սիրով են ստեղծել իրենց՝ մարգարտահատիկների նմանվող ստեղծագործությունները: Նույնքան սիրով էլ հայ երգիչներն են աշխատել դրանց վրա փորձերի ընթացքում: Բոլոր երաժիշտները սիրով են կապում այս միջմշակութային կամարը եւ սիրով նորոգում են այն իրենց նոր ստեղծագործություններով եւ կատարումներով: Բոլորս  հույս ունենք, որ այս կամուրջը հետագա տարիներին եւս բանուկ կլինի` ընդգրկելով նոր բրիտանացի եւ հայ երաժիշտների:

«Առավոտ» օրաթերթ
16.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930