Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հակառակեք ձեր ներքին ձայնին (պատմվածք)

Նոյեմբեր 17,2019 23:30

Օգոստոսի սկիզբն էր: Աշխատանքային օրը նոր էր սկսվում: Առավոտյան ժամ էր և ասֆալտապատ մայրուղում գրեթե շարժում չկար:

Մարդատար թեթև ավտոմեքենան սլանում էր արագ ընթացքով: Ավտոմեքենայում երեքով էին` ղեկի մոտ նստած էր շինարարական կազմակերպության տնօրենը, որին պատկանում էր ավտոմեքենան, նրա կողքին` առջևի աջ մասում՝ նրա ընկերը՝ էլի ինչ-որ շինարարական կազմակերպության ղեկավար, իսկ ետնամասում` նրանցից հինգ-վեց տարով ավելի երիտասարդ տղամարդը, որը վերջինիս հեռավոր բարեկամն  էր: Նրանք ամառանոցից վերադառնում էին մայրաքաղաք, որտեղ հանգստանում էին նրանց ընտանիքները:

Արդեն երկու անգամ նույն գրաֆիկով նրանք մեկնում էին ամառանոց` ուրբաթ օրը, երեկոյան աշխատանքից հետո և այնտեղ անցկացնելով շաբաթ և կիրակի օրերը՝ վերադառնում էին մայրաքաղաք՝ աշխատանքի` երկուշաբթի վաղ առավոտյան:

Իսկ երեկ երեկոյան Փայլակը՝ կնոջը ասաց.

-Այդ շինարարության պետը իր ավտոմեքենան լավ չի վարում, ես չեմ ուզում նրա մեքենայով հետ վերադառնալ, ավելի լավ է ավտոբուսով կգնամ:

Սակայն քիչ անց իրենց տուն եկավ բարեկամի փոքր որդին ու հաղորդեց Փայլակին, որ հայրիկն ասում է, թե առավոտյան պատրաստ լինի՝ ժամը յոթին մեկնելու են:

Փայլակն էլ, քաղաքավարությունից դրդված, չկարողացավ խուսափել առաջարկից և ստիպված այս անգամ էլ ընկերացավ նրանց։

Ավտոմեքենան սլանում էր արագ ընթացքով, առջևում նստած ընկերները զրուցում էին, իսկ Փայլակը  մտքերով էր տարված, երբ  առջևի նստածների զրույցն ընդհատվեց և մեքենայի խցիկում տիրեց քար լռություն:

Հենց այդ պահին էլ, ճանապարհի դիմացի ոլորանից հանկարծակի հայտնվեց մեծ ինքնաթափը և արագ սլացքով ուղղվեց դեպի նրանց ավտոմեքենան:

Մարդատարի վարորդը նույնիսկ չհասցրեց կողմնորոշվել, թե ինչ պետք է անել այդ պարագայում, իսկ նրա կողքին նստած ընկերը միայն ինքնաբերաբար արտաբերեց.

-Այս մարդը գժվե՞լ է, ինչ է, ինքնաթափը ուղիղ մեր վրա է գալիս…

Ավտոմեքենայի ետնամասում նստած Փայլակը լսեց այդ բացականչությունը կարծես երազում ու նրա ականջների մեջ մնացին միայն մեքենաների շառաչուն բախման ձայները, փշրվող ապակիների զրնգոցները և մեքենաներից մեկի ինքնավար միացված ազդանշանի երկարատև, սարսռազդու կլանչը:

Նա կորցնելով գիտակցությունը, այլևս ոչինչ չզգաց և չլսեց մինչև այն պահը, երբ իրեն փորձում էին դուրս  քաշել մետաղակույտ դարձած մեքենայի  ետնամասից:

Այդ միջոցին ինքը ցավ չէր զգում, գուցե նրանից էր, որ որոշ ժամանակ կորցրել էր գիտակցությունը և հիմա հազիվ ուշքի էր գալիս:

Նրան թևանցուկ արած երկու անծանոթ տղամարդիկ հատելով փողոցը, իրեն տանում էին դեպի դիմացի երթևեկելի մասում կանգնած իրեն անծանոթ մարդատար ավտոմեքենան:

Երբ Փայլակը փորձեց ձախ ոտքը հենել գետնին, զգաց, որ ոտքը իրեն չի ենթարկվում, մի տեսակ ծալվում է ազդրի այն մասից, որտեղ հոդ չկա:

-Երևի ոտքս կոտրվել է՞,-հազիվ արտաբերեց նա:

Նրան թևանցուկ արած անծանոթ տղամարդկանցից մեկը արձագանքեց նրան, ասելով.

-Ոչինչ, դու լավ ես պրծել, երիտասարդ ես, շուտ կապաքինվես:

Երբ արդեն փողոցի մեջտեղում էին, նա մի հայացք նետեց հեռվում երևացող մետաղյա ջարդոնին, որը մի ժամանակ ավտոմեքենա էր կոչվել և նրա կողքին խոտերի մի կույտ նկատեց, իսկ իրեն տեղափոխող տղամարդիկ ինչ-որ բան էին փսփսում:

Մարզային կենտրոնի հիվանդանոցում նրան պարզ դարձավ, որ «դու լավ ես պրծել» արտահայտությունը նշանակում էր, որ ավտոմեքենան վարող տղամարդը հենց տեղում մահացել էր, իսկ նրա կողքին նստած բարեկամը բավարարվել էր մանր-մունր քերծվածքներով, որոնք առաջացել էին դիմապակու կտորտանքներից  և ծռմռված մետաղական մասերից:

Իհարկե, Փայլակի ազդրի միջնամասում առաջացած բազմաբեկոր, բաց կոտրվածքը, այդքան էլ անվնաս չէր  և երկարատև ու հուսալի բուժում էր պահանջում, քանի որ  բավականին արյուն էր կորցրել, պատռվածքներ կային նաև դեմքի ճակատային մասի աջ այտոսկրի տակ, ձախ ձեռքի վերին հատվածում, բութ հարվածից այտուցվել էր նաև դեմքի աջ այտը և փակել աչքը: Ինքը դրանք առայժմ չէր տեսնում, չէր զգում, բայց կարևորն այն էր, որ ողջ էր մնացել:

Վիճակը ծանր էր, դեմքի տարածքը գրեթե կրկնապատկվել էր, տեղ-տեղ ծածկվել կապտուկներով, իսկ ճակատին երևում էին դեռևս նոր մշակված, իսկ խորը ճեղքը, որը հետագա վիրահատության կարիք ուներ:

Բժշկական անձնակազմը  արագորեն նախապատրաստական աշխատանքներ էր տանում բարդ վիրահատությունը սկսելու համար, իսկ երիտասարդ վիրաբույժը  մոտենալով նրա մահճակալին վստահելի ձայնով ասաց.

-Ձեզ պետք է վիրահատենք:

-Եթե անհրաժեշտ է, ուրեմն վիրահատեք, բժիշկ ջան,-կարծես երազում արտաբերեց Փայլակը:

Ավտովթարի բոթը արագ հասել էր մայրաքաղաք և արդեն մարզկենտրոն էին շտապել վթարի ենթարկվածների հարազատները, ընկերները, բարեկամներից շատերը, իսկ ամենից շուտ այնտեղ էին ժամանել նրանց սիրասուն կանայք` ամառանոցից, որին ավելի մոտ էր տեղի ունեցել վթարը և իրենց լաց ու կոծով լցրել էին ողջ հիվանդաբաժինը:

Մայրաքաղաք տեղափոխելու առաջարկին բժիշկ-վիրաբույժը խորհուրդ չտվեց, քանի որ Փայլակը շատ արյուն էր կորցրել և ամռան այդ շոգ ժամին,  նպատակահարմար չէր լինի նրան մայրաքաղաք  տեղափոխելը:

Վիրահատությունը տևեց երեք ժամից ավելի, քսան կար տալով ազդրի բացվածքին, իսկ ողնածուծում տեղավորելով նաև մետաղյա ամրանը, որ ոտքի կոտրված երկու մասերը տեղաշարժ չլինեն, ապա ամբողջ ոտքը ամփոփեցին գիպսե պատյանի մեջ` մինչև վերին կոնքազդրը: Մի քանի կար էլ բաժին հասավ ճակատի ճեղքվածքին:

Ցավազրկող դեղերի ներարկումներ էին արվում պարբերաբար, որոնք  ժամանակավորապես հանգստացնում էին նրա ցավերը, բայց երբ նրանց ազդեցությունը թուլանում էր, սկսվում էր սոսկալի ցավերը:

Մեկ շաբաթ անց վթարի ենթարկված նրա բարեկամին դուրս գրեցին հիվանդանոցից:

Ցոլակին սպասվում էր երկարատև բուժումը և ապաքինումը:

Ցերեկները նրան հիմնականում խնամում էր կինը, որը իր երկու մանկահասակ երեխաներին թողնում էր տատիկների խնամքին, իսկ գիշերները նրա մահճակալի մոտ հերթականությամբ հերթապահում էին մայրաքաղաքից ժամանող երկու եղբայրները:

Հետվիրահատական բուժումը ավարտելուց հետո, Փայլակին դուրս գրեցին հիվանդանոցից և տեղափոխեցին մայրաքաղաք՝ արդեն տնային պայմաններում բուժումը շարունակելու, բայց պարբերաբար բուժզննման էին տանում  մայրաքաղաքի օրթոպեդիկ հիվանդանոցում:

Բաց վերքը, որի միջից դուրս էր ցցված ռետինե մաքրող խողովակը, ոչ մի կերպ չէր ուզում փակվել, սպիանալ: Վեց ամիս շարունակ նա անցկացրեց անկողնում`  մեջքի վրա պառկած վիճակում:

Վերջապես նա ոտքի ելավ և սկսեց դանդաղ քայլել հենակների օգնությամբ: Որոշ ժամանակ անց հենակներից մեկին հանգիստ տվեց և շարունակեց մեկ հենակի օգնությամբ քայլել, ապա այն փոխարինեց ձեռնափայտով:

Մեկ տարի անց միայն նա հրաժարվեց նաև ձեռնափայտից և սկսեց կաղալով քայլել:

Հետագայում, երբ  խոսք էր բացվում այս մասին, Փայլակն ափսոսանքով ասում էր.

-Ախր, ես ինչո՞ւ չլսեցի իմ ներքին ձայնին, հաշվի չնստեցի նրա հետ: Խորհուրդս է, երբեք մի արհամարհեք ձեր ներքին ձայնին, այն հիմնականում, գործողության ավելի ճիշտ ճանապարհն է ցույց տալիս:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել