Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Աբրահամյանը պնդում է՝ որդեգրումները ոչ մի կապ չունեն ծննդօգնության հիմնարկների հետ

Նոյեմբեր 17,2019 22:33

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատուն») տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ  Ռազմիկ Աբրահամյանը վստահեցնում  է՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իրենց ծննդատունը մասնակից է եղել ապօրինի որդեգրումներին:

«Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ապօրինի որդեգրումներին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

«Որդեգրումները ոչ մի կապ չունեն ծննդօգնության հիմնարկների հետ, այն  իրականացնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ  արդարադատության նախարարությունները  մանկատան միջոցով, եթե հարցեր ունեք, նրանց պետք է դիմեք, իսկ եթե ինձ այլ հարցեր ունեք մամլո ծառայությանը դիմեք, ես հիմա հիվանդ պառկած եմ»,- Aravot.am-ին ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում, ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

Պարոն Աբրահամյանն այս տեղեկությունը կարճ մեկնաբանեց. «Ուրեմն գլուխները պատով են տվել, եթե կինը գալիս է հղիության այնպիսի ժամանակ, որն ընդհատել չի կարելի, մենք սում ենք ՝չի կարելի, խնդրում եմ՝ ավելորդ հարցեր չտաք, եղավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930