Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե թող կառավարությունն էլ ամեն օր մեկ ժամ հայոց լեզու անի, մեկ ժամ ասեն, որ «Ես իմ անուշ Հայաստանին» գրել է Եղիշե Չարենցը․ բա եղա՞վ». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 17,2019 22:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում շրջայցի ընթացքում գյուղի բնակիչներից տիկին Ջեմմայի հետ բանավիճեց հայոց լեզու և գրականություն առարկայի՝ բուհական ծրագրից հանելու հետ կապված թեմայով: Ջեմմա մայրիկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ծաղկեվանքում միշտ կանչում ենք՝ Աստված թևութիկունք լինի մեր վարչապետին, բայց մի խնդրանք ունենք, էդ մեր հայոց լեզուն մի հանեք»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ որտեղի՞ց չհանենք: Ջեմմա մայրիկը պատասխանեց՝ համալսարանում սովորող երեխաները թող շարունակեն սովորել հայոց լեզու ու գրականություն: Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դպրոցում թող լեզու գրականություն սովորեն, համալսարանում թող մասնագիտություն սովորեն»: Ջեմմա մայրիկը հակադարձեց՝ ուսանողներին հարցնում ես «Ես իմ անուշ Հայաստանին» ո՞վ է գրել, ասում են՝ Թումանյանը: Այս առիթով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տասը տարի դպրոցում ինչո՞վ է զբաղված եղել: Ուրեմն հասնի համալսարան, որ սովորեցնեն, թե ով է գրել «Ես իմ անուշ Հայաստանի՞ն»:

Ջեմմա տատիկը պատասխանեց, թե իշուքյալ է եղել: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իշուքյալ է եղել, համալսարանում էլ չի սովորելու: Դրա համար պետք է գնալ, տեսնել տնօրենին ու ուսուցչին ու հասկանալ, թե այդ ինչպես են նրան ատեստատ տվել: Ամփոփելով թեման՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ջեմմա մայրիկը լեզվի, գրականության խնդիրը մեկ նախադասությամբ ամբողջությամբ նկարագրեց: Ասում է համալսարանում հայոց լեզու, գրականություն առարկան ոչ մասնագիտական բուհերում մի հանեք: Դե որ էդպես է, ուրեմն եկեք բոլոր հիմնարկներում էլ մտցնենք, նախարարություններում, գործարաններում, գյուղապետարաններում, կառավարությունն ամեն օր մեկ ժամ հայոց լեզու անի, մեկ ժամ ասեն, որ «Ես իմ անուշ Հայաստանին» գրել է Եղիշե Չարենցը: Բա եղա՞վ»:

Այնուհետև տեսնելով մետաղական թափոնները՝ ՀՀ վարչապետը հորդորեց ազատվել մետաղական աղբից ու հիշեց իր 06 մակնիշի ավտոմեքենան. «Իմ շրջապատն էլ էր ասում, թե սա քո առաջին ավտոն է, 06-ը մի ծախիր, թող մնա, բայց ծախեցի:  Նենց չէր, որ վարչապետ էի….»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ անտեղի կը գտնեմ վարչապետին ՛՛Սեւ Հիւմուրը՛՛ Ճեմմա մայրիկին խնդրանքին ։ Եթէ երկրին վարչապետը չէ հասկցած իր ՛՛պարզունակ՛՛ քաղաքացիներուն իսկական մտահոգութիւնը, կարծեմ որ մտահոգուելու լուրջ բան կայ ։

  2. Nairi says:

    «Նենց չի»,որ վարչապետի համար մեկ ժամ հայոց լեզուն ավելորդ կլիներ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930