«2019 թվականի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին, որին ես մասնակցել եմ, նկատել եմ ժողովրդի կողմից բավականին մեծ անվստահություն իշխանության նկատմամբ: Ինքս էլ տեսնում եմ, որ քաղաքական դաշտում թարմություն է պետք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Վստահություն» կուսակցության հիմնադիր, Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատար, ԶՈՒ գնդապետ Գրիգորի Սահակյանը:
Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս փուլում՝ հատկապես Արցախում 2020 թվականին կայանալիք ընտրությունների նախաշեմին կուսակցություն հիմնելու հիմնական նպատակը: Շուրջ քանի՞ անդամ ունի կուսակցությունը: Որո՞նք են լինելու կուսակցության առաջիկա քայլերը: Գրիգորի Սահակյանը պատասխանեց. «Այս խորհրդարանը լիարժեք չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերի շահերը, այն իներտ է և որպես ինստիտուտ չունի այն կշիռն ու ազդեցությունը, որը նրան տրված է Սահմանադրությամբ: Ուստի անհրաժեշտ ենք գտել մեր թիմով ստեղծել նոր կուսակցություն, որը, հուսով եմ, ձեռք կբերի ժողովրդի վստահությունը»:
Գրիգորի Սահակյանն ասաց, որ «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների: Նա հավելեց. «Մենք առաջնային ենք համարում անվտանգության ապահովմանն ուղղված գործուն քայլերը, օրենքի առջև բոլորի հավասարության, օրենքի և իրավունքի գերակայության, ժողովրդավարության սկզբունքների հիման վրա մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանքի և արժանապատվության մթնոլորտի ձևավորումը»: Գրիգորի Սահակյանի հավաստմամբ՝ այսօրվա դրությամբ կուսակցությունն ունի 500-ից ավելի անդամ:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Արցախում նախագահական ընտրություններին թեկնածուներից որի՞ն եք սատարում: Գրիգորի Սահակյանն արձագանքեց. «Այս պահին որևէ թեկնածուի սատարման մասին որոշում չունենք, սակայն կուսակցության ձևավորումից հետո մեր քաղաքական ուժի համար այդ հարցը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը քննարկման օրակարգում կլինի»:
Մեր հիշեցմանը՝ նշել են, որ կուսակցության հիմնումով հետամուտ են լինելու Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը: Եվ հարցին՝ Ձեր կարծիքով՝ այժմ այս հարցում ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք շարժվելու ենք հավասարության ու արդարության սկզբունքներով: Օրենքը պիտի գերակա լինի բոլորի համար: Այս ամենի պահանջը մեծ է այսօր, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»:
Փաստեցինք՝ շատերը քննադատում են, որ ՀՀ-ն խառնվում է Արցախի ներքին կառավարմանը՝ վկայակոչելով նաև ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կազմակերպություններ Արցախ ուղարկելը ու հետաքրքրվեցինք՝ Դո՞ւք ինչ կարծիք ունեք: Գրիգորի Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Արցախն ունակ է առանց լուրջ խախտումների ընտրություններ անցկացնել, բայց այնպես չէ, որ երևանյան կազմակերպությունները կարող են հանդիսանալ որպես խանգարող հանգամանք: Հայաստանյան դիտորդները պետք է կատարեն իրենց գործառույթները առանց խանգարելու ընտրական գործընթացներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գրիգորի Սահակյանի ֆեյսբուքյան էջից