Ըստ մեր աղբյուրների՝ նոյեմբերի 16-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած 21-ամյա Սարգիս Աբելյանը կալանքը կրում էր ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում եւ նրա հետ խցում եւ մեկ կալանավորված անձ կար։ Դեպքի պահին, ըստ մեր տեղեկությունների, խցակիցը քնած էր։
Ի դեպ, այս մասնաշենքում իրենց պատիժը կրում են խնդրահարույց ու այսպես ասած դժվար դատապարտյալները։ Մեր աղբյուրը բացառեց, որ ինքնասպան եղած կալանավորին հնարավոր է նեղած լինեն, քանի որ այդ մասնաշենքը զերծ է քրեական ենթամշակույթի ձգտող կալանավորներից։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդագրության` նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։