Լրահոս
Օրվա լրահոսը

Կայազորային հոսպիտալի պետ. «Մենք պատրաստ ենք հնարավոր արտակարգ իրավիճակների» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2019 10:15

Այսօր ռազմական բժշկի մասնագիտական օրն է: Այդ առիթով մի քանի լրատվամիջոցներ ՊՆ նախաձեռնությամբ այցելեցին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ՝ ծանոթանալու բուժհաստատության առօրյային:

Հոսպիտալի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը պատմեց. «Գործիքային առումով համալրվածությունը սպասարկում իրականացնելու համար բավարար է: Հոսպիտալն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրները եւ մշտապես բարելավում ձեռք բերված որակները:

Շատ կարեւոր հանգամանք է այն, որ մենք սպասարկում ենք ոչ միայն զինվորականներին: Մեր մատուցած ծառայություններից օգտվում են նաեւ շրջակա բնակավայրերի բնակիչները՝ լինեն նրանք զինծառայողների ընտանիքի անդամ, զինվորական թոշակառու, պատերազմի վետերան, թե  զինվորականության հետ առնչություն չունեցող քաղաքացիական անձինք»:

Հարցին, թե զորքերում հիվանդացությունների մակարդակն ինչպիսին է,  Վարդան Ավագյանը պատասխանեց. «Հաշվի առնելով եղանակային պայմանների սեզոնային  կտրուկ տատանումները, որոնք մի պահ կարող են բերել  որոշ շնչառական հիվանդությունների քանակի աճի, զորամասերում կազմակերպած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մեր սպասարկած ոչ մի զորամասում եւ տարածաշրջանում ընդհանրապես, հիվանդությունների բռնկման  դեպք գրեթե չունենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հոսպիտալը մասնագետների կամ սարքավորումների ի՞նչ  կարիք ունի: «Հոսպիտալը առաջին անհրաժեշտության կարիքներն ապահովելու բոլոր գործիքային եւ լաբորատոր սարքավորումներով հագեցված է: Սակայն բժշկությունն առաջ է գնում եւ նորագույն սարքավորումները ավելի դյուրին են դարձնում հիվանդի ախտորոշման հետազոտությունները եւ բուժումը: Համապատասխան ծառայությունները զբաղվում են այդ խնդիրներով: Մասնավորապես, ձեռք է բերվել նոր էնդոսկոպիկ սարքավորում, որը մոտ ժամանակներս կտեղադրվի: Սարքավորումների կատարելագործման գործընթացը մշտապես շարունակվում է»:

Aravot. am-ը նկատել էր, որ հոսպիտալում առանձնացված մեծ սենյակներ կան, որտեղ մահճակալները թեեւ դատարկ, բայց շատ էին: «Այո, ճիշտ եք նկատել: Զանգեզուրի կայազորային հոսպիտալն ունի ծավալված առանձին այդպիսի բաժանում, որը նախատեսված է  հնարավոր հատուկ ժամանակահատվածների համար, երբ կարող են լինել մասսայական վիրավորներ, հիվանդությունների բռնկումներ: Նման դեպքերում մենք կարող ենք պացիենտներին կամ հիվանդներին անմիջապես մեկուսացնել եւ մատուցել որակավորված շտապ սպասարկում: Աստված մի արասցե, եթե լինի պատերազմ, մեր այդ բաժանմունքը կծավալվի որպես վիրաբուժական բաժանմունք», – պատասխանեց փոխգնդապետ Ավագյանը:

Իսկ վերջում ավելացրեց. «Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլոր ռազմական բժիշկներին մասնագիտական  օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր գործունեությունն ուղղված լինի միայն ու միայն մեզ դիմող զինվորի, քաղաքացու կյանքը բարելավող միջամտություններին: Այսինքն, կատարենք այնպիսի միջամտություններ, որոնք ոչ թե կբուժեն, այլ կբարելավեն մարդու կյանքի որակը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930