Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածներ եւ խոսակցություններ

Նոյեմբեր 17,2019 13:00

Երբեւէ Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի ընդդիմության հակասություններն ու տարաձայնություններն այսաստիճան սուր ու խորը չեն եղել, ինչքան թավշյա հեղափոխության հաղթանակից հետո են՝ Փաշինյանի իշխանության եւ Փաշինյանի ընդդիմության միջեւ: Ընդ որում՝ տարաձայնություններն ու հակասություններն առկա են ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջեւ, այլեւ Փաշինյանի ու նրա երբեմնի ամենաթունդ համախոհների միջեւ: Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ, ահա, շատ շուտով միանգամայն լուրջ հակասություններ կառաջանան Փաշինյանի ու ոստիկանապետ Օսիպյանի կամ, ասենք, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի միջեւ. այնաստիճան լուրջ, որ վերջիններս հրաժարական կտան զբաղեցրած պաշտոններից: Բայց, փաստորեն, առաջացան, եւ տեղի ունեցավ այն, ինչն իսկապես չափազանց անսպասելի էր:

Չնայած  այս ամենը բացատրության կարիք խիստ է զգում, բայց առայժմ վերլուծաբաններից որեւէ մեկն այս պարադոքսը հասկանալի ու սպառիչ կերպով չի բացատրել:

Չնայած մեր թավշյա հեղափոխությունը հնարավորինս թավշյա էր, բայց այսօրվա դրությամբ մեր լիքը ու անսպառ թավիշից շատ քիչ բան է մնացել: Ընդ որում՝ հեղափոխականների՝ միմյանց միջեւ գոյություն ունեցող ու ծավալվող հարաբերություններում է նույնիսկ «թավիշի» կարիք խիստ զգացվում:

Մի խոսքով՝ հեղափոխականներն արդեն դժվարությամբ են տարբերում՝ ով է հակառակորդ եւ ով՝ յուրային, եւ դա հավանաբար նրանից է, որ «իմքայլականները» չնայած «փողոցային մարտերում» ծայրահեղական են, Նիկոլի ու իր հեղափոխական զինակիցների ու համախոհների ծայրահեղականությունը թայֆաբազություն չես համարի, եւ իրենց ծայրահեղականության համապատասխան ու ճշգրիտ բառն, այնուամենայնիվ, հեղափոխականությունն է:  Բայց ինչպես էլ բնորոշենք ու բնութագրենք, պետք է արձանագրենք, որ չափազանց բարդ ժամանակաշրջան ենք ապրում, ու պիտի նաեւ նշենք, որ գնալով մեր կողմից ապրվող այս հետհեղափոխական ժամանակաշրջանը ոչ միայն մեր կողմից ավելի հասկանալի չի դառնում, այլ, ընդհակառակը, ավելի բարդ ու ավելի անհասկանալի է դառնում, եւ քանի որ շատ ու շատ հարցեր անհասկանալի են դառնում, բնականաբար, շատ ու շատ հարցեր նաեւ անբացատրելի ու չբացատրված են մնում, եւ, ըստ ամենայնի, առաջիկայում եւս չբացատրված կմնան, ինչպես որ Օսիպյանի ու Վանեցյանի հրաժարականներն ու էլի շատ հարցեր չբացատրված մնացին ու չբացատրված էլ մնում են: Որովհետեւ, փաստորեն, բացատրող չկա: Բացատրողն, ըստ ամենայնի, պիտի իշխանության ներկայացուցիչները լինեին, բայց, ըստ ամենայնի, իրենցից շատերն էլ շատ հարցերում իրավիճակից ստուգապես գլուխ չեն հանում: Ինչ վերաբերում է ենթադրություններին, ենթադրվում է, որ թե՛ Օսիպյանի եւ թե՛ Վանեցյանի հրաժարականներն ուղղակիորեն առնչվում են մոսկովյան շրջանակների, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հանգամանքների հետ:

Եթե Փաշինյանի եւ Օսիպյանի ու Վանեցյանի միջեւ որեւէ հարցում տարակարծություն կամ անհամաձայնություն կար, ապա այն շուտ թե ուշ այս կամ այն կերպ պիտի արտահայտվեր: Եվ բնական ու տրամաբանական է, որ արտահայտվեց: Անբնականն, անսպասելին ու անտրամաբանականն  այն է, որ Փաշինյանի ու այս երկու բարձրաստիճանների միջեւ անհամաձայնությունն ու տարակարծությունն այն աստիճանի էին հասել, որ, ահա, հասցրին հրաժարականների: Ի հեճուկս հեղափոխականների: Ի հեճուկս հեղափոխության եւ  Նոր Հայաստանի կողմնակիցների: Որովհետեւ հրաժարական տված այս երկուսը Նիկոլ Փաշինյանին ամենանվիրված, ամենահավատարիմ ու ամենաանհրաժեշտ այն անձնավորություններն էին, առանց որոնց դժվար էր պատկերացնել Փաշինյանի գործունեությունն ամենակարեւոր հարցերում: Բայց, ահա, պատկերացնում ենք:

Ստիպված ենք պատկերացնել:

Հեղափոխությունը հավատարմություն եւ չափազանց մեծ նվիրվածություն է պահանջում: Ե՛վ Օսիպյանը, ե՛ւ Վանեցյանը հենց ամենասկզբից անմնացորդ նվիրված էին հեղափոխության գործին, եւ նրանց հրաժարականները բոլորի համար էին անսպասելի: Անսպասելի էին ու ցավալի: Համոզված ենք, որ նրանց հրաժարականներն անձամբ վարչապետի համար էլ են ցավալի: Որովհետեւ Օսիպյանն ու Վանեցյանը Նոր Հայաստանի հենասյուներից էին:

Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան: Ժամանակը ցույց կտա՝ ինչքանով էին անփոխարինելի Օսիպյանն ու  Վանեցյանը: Համենայնդեպս, դժվարանում ենք նրանց փոխարեն այլոց պատկերացնել: Այդուհանդերձ, ինչքան էլ դժվարանանք, վարչապետը ստիպված է նրանց փոխարեն ուրիշների նշանակել: Թե ինչքանով նրանց տեղերում ուրիշներն իրենց կարդարացնեն, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, Օսիպյանի ու Վանեցյանի հրաժարականների շուրջ խոսակցությունները, ասեկոսեներն ու ենթադրությունները, որ գոյություն ունեցան ու հիմա էլ ունեն, ամենեւին ցանկալի չեն: Ցանկալի չեն թե՛ իշխանության, թե՛ ժողովրդի՝ հատկապես հեղափոխության համակիրների համար: Գերադասելի են հստակությունն ու պարզությունը: Գաղտնիքներն ու հարցականները ցանկալի չեն հեղափոխությամբ իշխանության եկածների եւ հեղափոխությանը սատարած ժողովրդի միջեւ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուղղակի պետք է հիշել որտեղ վերջացրին Յագոդան,Եժովը,Բերիան՝մավրերը կատարեցին իրենց գործը,մավրերը պետք է հեռանան….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930