Այսօր` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ Աբաջյանի անվան սրահում անցկացվեց շախմատային մրցաշար` Ազգային ժողովի պատգամավորների և բուժվող զինվորների միջև:
Հայրենիքի պաշտպանների հետ երկուական պարտիաներ անցկացրին պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը և Արթուր Դավթյանը, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Միջոցառմանը, որն այս ձևաչափով անցկացվում էր առաջին անգամ, ներկա էին նաև Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներն ու շախմատային աշխարհի ներկայացուցիչներ:
Մրցաշարից հետո Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել զինվորների բուժման պայմաններին, շփվել տղաների հետ, ծանոթացել նրանց առօրյային: Հայրապետյանն իր խոսքում նշել է, որ այս համագործակցությունը պիտի շարունակական լինի և եկող տարի մրցաշարը մասնակիցների ավելի լայն շրջանակ ու աշխարհագրություն պիտի ունենա: Ռեկտոր Մուրադյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Հայրապետյանին առաջարկն ընդունելու համար, նշել է, որ նմանատիպ միջոցառումները մեծ ուրախություն են պարգևում հայրենիքի պաշտպաններին:
Կարդացեք նաև
Միջոցառումից հետո Հայրապետյանն ու Մուրադյանը քննարկել են կրթական ոլորտին, մասնավորապես, կրթության արտահանմանը, բուհերի արդիականացմանը առնչվող մի շարք հարցեր:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ