Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց.
1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտների հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում:
2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարության քննարկում:
3) ՀԽ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և ՀԽ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված հարցերի քննարկում:
Կարդացեք նաև
Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով ՀԽ կանոնադրությամբ սահմանված պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեության ոլորտները, նպատակահարմար են համարել առանձնացնել ներքոնշյալ ենթահանձնաժողովների գործունեության տիրույթները և նշանակել են այդ ենթահանձնաժողովների կազմավորման պատասխանատուներին:
Դրանք են.
· Իրավական մշակույթի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Խաչատուր Մարոզյան)։
· Իրավական իրազեկության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Արզուման Հարությունյան)։
· Անցումային արդարադատության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Դավիթ Ալեքսանյան)։
· Ընտրական ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Գերասիմ Բարսեղյան)։
․ Կոռուպցիայի դեմ պայքարի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Տիգրան Մաթևոսյան)։
Օրակարգային համարվող երկրորդ հարցով քննարկվել է սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հրաժարական տալու հայտարարությունը: Չնայած հանձնաժողովի անդամների կողմից պրն․ Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, Զադոյանը, hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում է ներկայացրել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին,
Օրակարգային համարվող երրորդ հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել է Հանրային խորհրդի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը։
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` Հանրային խորհրդի վերարժևորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ