«ՍԴ գործող անդամներից եւ ոչ մեկը չէր կարող այսօր այսպիսի դիմադրություն ցույց տալ, եթե, օրինակ, Բաղրամյան 26-ի, 19-ի հասցեներով հասնելով Բաղրամյան 10՝ ժողովուրդը ձեր հրաժարականը պահանջեր, դուք շատ սիրուն հրաժարվելու էինք: Ժողովուրդը դա չարեց: Իշխանությունը կամքի խնդիր ունի, եթե դա ունեցավ՝ դատարանի հարցը կլուծվի»,- Այսօր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ դիմելով քննարկմանը մասնակցող ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ըստ Բաբաջանյանի, ՍԴ-ի հարցը այսբերգի միայն ծայրն է, Հրայր Թովմասյանն էլ ընդամենը զինվոր է, Սերժ Սարգսյանի գրպանում դրված նախկին քաղաքական գործիչ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՍԴ-ն մեծ իշխանություն ունի, կարող է շատ ու շատ հարցերում վետո դնել իշխանության կայացրած որոշումների վրա. «Ժողովուրդը պետք է զգա, որ ՍԴ-ն իրենց մեջքին կանգնած է,իսկ հիմա ՀՀ քաղաքացին զգում է, որ ՍԴ-ն կանգնած է նախկին կոռումպացված իշխանությունների մեջքին»:
Ալվինա Գյուլումյանն արձագանքեց. «Մենք ոչ թե վետո ենք դնում, ՍԴ-ն ասում է, որ այս դրույթը Սահմանադրությանը չի համապատասխանում ու վերջին խոսքը մնում է օրենսդիրին»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ ողջ քննարկման ընթացքում Ալվինա Գյուլումյանը չհակադարձեց այն մտքին, որ ՍԴ-ն այսօր ունի լեգիտիմության խնդիր ու դրա շուրջ կա ճգնաժամ. «Դուք դա պարզ գիտակցում եք: Համոզված եմ»: Գյուլումյանն էլ արձագանքեց, որ բազմաթիվ առիթներ է ունեցել ասելու, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ չկա, արհեստական ճգնաժամ է ստեղծվում:
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյան էլ ասաց, որ ՍԴ-ն պատերազմ է ըստ էության հայտարարել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ իրենց ժողովրդավարության ու իրավունքների համար մղվող պայքարում: Նա նաեւ գնահատեց կառավարության նոր նախագիծը՝ թոշակի ուղարկելու ՍԴ անդամներին, պատգամավորի խոսքով՝ դա որեւէ ձեւով չի լուծում խնդիրը, համակարգային լուծում է պետք:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, եթե դատաիրավական համակարգը չփոխվի, երկրորդ հեղափոխության ռիսկը մեծ է՝ ԱԺ լեգիտիմության ու կառավարության առկայության դեպքում: Մենք պետք է վստահ լինենք, որ արդարադատություն իրականացնող մարմին ունենք: Նայում ենք, ՏԻՄ-երը պետության զավթման գործիք է եղել, դատարանները զավթման գործիք են եղել…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ