«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին՝ չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակով՝ մեզ հայտնի չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին երեք գիշերօթիկ հաստատություններ նկարահանման նպատակով ներխուժելու փորձերին:
Նա հիշեցրեց, որ «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող անձինք սննդամթերք և դրամական օգնություն էին տարել մի գիշերօթիկ հաստատության երեխաների ծնողներին և հանձնել նրանց՝ տեսանկարահանելով ընթացքը: Նախարարության որոշմամբ՝ այս իրադրության տեսագրությունն ուղարկվել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել գործընթացի իրավաչափությունը: Դրանից հետո մի երիտասարդ, ներկայանալով «Ադեկվադ» կուսակցության անդամ և մի լրատվամիջոցի ներկայացուցիչ, փորձել էր մտնել գիշերօթիկներ և նկարահանումներ անել:
Հաղորդագրությամբ «Ադեկվադ» կուսակցությունը հայտարարել է, որ այս երիտասարդն իրենց կուսակցության անդամներից չէ: «Այս մարդու դեմքը տեսանյութում հստակ երևում է, կարող եք տեսնել (հրապարակում պարողների վրա զելյոնկա լցնող մարդն է): Նա փորձել է մտնել Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, տնօրենը թույլ չի տվել: Գնացել է մեկ այլ հաստատություն, շահարկել որոշակի կուսակցության և լրատվամիջոցի անունները, իրեն հաջողվել է ներս մտնել: Ճաշի ժամ է եղել, երեխաները ճաշելիս են եղել: Փորձել է նկարահանել ճաշող երեխաներին, տնօրենը, բնականաբար, արգելել է, քանի որ դա բխում է երեխայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքից: Ի պատասխան՝ այս քաղաքացին ասել է տնօրենին (և դա նկարահանված է), որ կհասնի այն բանի, որ տնօրենն այլևս չպաշտոնավարի»,- ներկայացրեց Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նույն քաղաքացին գնացել էր նաև Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն, որտեղից ևս ուղիղ եթեր էր մտել. «Որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչ էր ուզում»:
Կարդացեք նաև
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում