Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 16,2019 10:55

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում։

Մեր տեղեկություններով՝ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Ռազմիկ Աբրահամյանի հետ: Նա, մեր հարցը դեռ ամբողջությամբ չլսած, պատասխանեց. «Ոչ մի մանկաբարձական կենտրոն դրանով չի զբաղվում, դրանով զբաղվում են մանկատները»: Մեր հարցին, թե տեղեկություն ունենք, որ հենց իրենց կենտրոնն է խառնված երեխաների որդեգրման այս դեպքին եւ իր թողտվությամբ է իրականացվել, Աբրահամյանը հերքեց՝ հավելելով, որ իրենց կենտրոնը որեւէ առնչություն չունի: «Այդ բոլոր գործընթացները կատարվում են մանկատան եւ կառավարության որոշումներով»,- եզրափակեց նա:

«Հայկական ժամանակ»-ն այցելեց նաեւ «Երեւանի Մանկան տուն»: Շուրջ 22 տարի կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լիանա Կարապետյանը պնդեց, որ իրենց մանկատունը որեւէ առնչություն չունի երեխաների ապօրինի որդեգրման հետ: Կարապետյանը նշեց՝ մանկան տունը երեխաների որդեգրմամբ չի զբաղվում, զբաղվում է երեխաների խնամքով: 1991 թվականից այստեղից երեխաներ են որդեգրվում նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Նա կտրականապես ժխտեց ԱԱԾ հաղորդագրության այն հատվածը, որը կարող էր իրենց վերաբերվել, այն է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների կողմից երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտել նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ Լիանա Կարապետյանը հայտնեց, որ իրենք չեն կարող ասել, թե որ ընտանիքը որ երեխային վերցնի: Միայն ասում են, որ տվյալ երեխան այս ինչ խնդիրն ունի. «Հարցնում ենք՝ ուզում են տեսնել, թե ոչ, հիմնականում ասում են՝ այո, հետո կա՛մ որոշում են վերցնել, կա՛մ ոչ»:

2015 թվականից 2019 թվականի հունիս «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աննա Գեւորգյանն անակնկալի եկավ մեր զանգից: Նշեց, որ ԱԱԾ հաղորդագրության մասին էլ տեղյակ չէ: Նախկին տնօրենը նշեց, որ իրենց մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացվում եւ հաստատությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է: Աննա Գեւորգյանը հրաժարվեց մեր մնացած հարցերին պատասխանել: Հորդորեց կապ հաստատել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Պայքար Վալեսյանի հետ:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930