Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահություն․ «Ազգ»

Նոյեմբեր 16,2019 10:45

Նայում եմ մեր այսօրվա պետական կառավարման համակարգի ամենաբարձր հարթակներն զբաղեցնող շատ ու շատ երիտասարդների, եւ գալիս եմ մի դառն ու դաժան եզրակացության. նրանք ամեն ինչ ունեն, բացի… իմաստությունից: Իսկ իմաստությունը գալիս է փորձառության հետ: Հենց փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահություն՝ կատարելու կատեգորիկ հայտարարություններ, անելու վատ կշռադատված քայլեր: Ամեն ինչ ներելի է, դեռ կսովորեն: Աններելին այսօր ուրիշներին սովորեցնելու անթաքույց ձգտումներն են:

Մոտ երեք տասնամյակ առաջ, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, առիթ ունեցա անկեղծ զրուցելու անկախության ճանապարհը բռնած Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ: Այն ժամանակ նոր էր վերադարձել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Մոսկվա կատարած հերթական ուղեւորությունից, ուր մասնակցել էր ամենաբարձր մակարդակի մի խորհրդաժողովի: Պատմում էր այդ խորհրդաժողովից, եւ բավական անկեղծորեն զայրանում էր, որ կարծեմ Բորիս Ելցինի մի խիստ վիճահարույց պնդման առթիվ ձայն խնդրելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակադեմիական ոճով մի ամբողջ դասախոսություն էր կարդացել, թե ինչո՛ւ չի կարելի այդպես անել, այդպես մտածել: Նկատեցի, որ սեղանի շուրջ նստածները քթների տակ հեգնախառն ժպտում էին,-պատմում էր Հայաստանի առաջին վարչապետը,- ընդմիջմանը փորձեցի բացատրել, թե ա՛յ Լեւոն ջան, էս ո՞ւմ ես ուզում բան սովորեցնել, ի՞նչ իմաստ ունի: Միգուցե մեզ նման երիտասարդներին փորձելու համա՞ր էին այդ թեման արծարծում: Չկարողացա համոզել, մնաց իր կարծիքին:

Պարոն Մանուկյանը մեր այս զրույցը հիշում է, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել: Բայց ես սա հիշելու բազմաթիվ առիթներ եմ ունենում գրեթե ամեն օր, երբ ցավով տեսնում եմ, որ զանազան նորաթուխ պետական պաշտոնյաներ, որոնց շուրթերին, ինչպես ասում են, մոր կաթը դեռ չի չորացել, ամենահավակնոտ կեցվածքով, բացարձակապես վստահ սեփական ճշմարտություններին՝ փորձում են իրենցից շատ ավելի փորձառու, շրջահայաց, տասնամյակներով հազար ու մի բան տեսած հարգարժան մարդկանց ոչ միայն առարկել, այլեւ իրենց չիմացածը… սովորեցնե՛լ: Այդ թվում՝ Վազգեն Մանուկյանին: Բնական, հասկանալի եւ բացատրելի երեւույթ է: Որովհետեւ տգետը միշտ ձգտում է ուրիշներին սովորեցնել այն, ինչ ինքը կա՛մ չգիտի, կա՛մ դրա մասին տեղյակ է դիլետանտի մակարդակով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930