Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկիչները հստակ իմացել են, որ հայ հոգեւորականների են սպանում»

Նոյեմբեր 16,2019 10:35

Նոյեմբերի 11-ին լրատվամիջոցները հաղորդեցին Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության մասին: Ղամիշլիից Դեյր Զորի ճանապարհին զինված անձինք կրակ են բացել մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ տեր Աբրահամը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այս միջադեպը հստակ թիրախավորված գործողություն է եղել, քանի որ ահաբեկիչները հստակ իմացել են, թե ում դեմ են իրականացնում գործողությունը եւ ում են սպանում: «Մեքենայի վրա եղել է համապատասխան գրառում, որ այն պատկանում է Հայ կաթողիկե եկեղեցուն: Իմ տեղեկություններով՝ ահաբեկիչները կանգնեցրել են մեքենան եւ տեղեկացել, թե ովքեր են վարորդն ու ուղեւորները: Միանշանակ, դա թիրախավորված գործողություն էր»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ասաց Արմեն Պետրոսյանը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե կատարվածն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ձեռքի գործն է, Արմեն Պետրոսյանը շեշտեց. «Մշտապես կասկածանքով եմ վերաբերվել որեւէ ահաբեկչական խմբավորման կողմից տարաբնույթ բռնարարքների առնչությամբ պատասխանատվություն ստանձնելու մասին հայտարարություններին, այս դեպքում՝ եւս: Պետք է հաշվի առնել, որ ԻՊ-ն այսօր լուրջ խնդիրներ ունի, բավականաչափ թուլացել է եւ որևէ քարոզչական առիթ բաց չի թողնում՝ իր հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Բայց և այնպես, հնարավոր է նաեւ, որ հարձակումը հենց այդ խմբավորման իրականացրածն է, քանի որ Սիրիայի տվյալ շրջանը տեւական ժամանակ եղել է նրա վերահսկողության ներքո, այնտեղ դեռևս գործում են ԻՊ-ի «բջիջները», որոնք անհրաժեշտության դեպքում ակտիվանում են եւ նման հարձակումներ անում»:

Ըստ Արմեն Պետրոսյանի. «Միաժամանակ չի կարելի նաեւ բացառել, որ հարձակումը կարող է ուղղորդված լինել, հետևաբար նաև դրա հետևում կարող է կանգնած լինել շրջանում գործող այլ խմբավորում: Ամեն դեպքում, միջադեպի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա»: Մեր զրուցակիցը շեշտեց՝ Սիրիայի հայերը, ինչպես եւ այդ երկրի բոլոր քաղաքացիները, թիրախավորված են տարաբնույթ ահաբեկչական խմբավորումների կողմից՝ Սիրիական հակամարտության ողջ ընթացքում. «Հայ հոգեւորականների սպանության գործողությունը բնավ բացառիկ չէ: Նախկինում էլ եղել են նման գործողություններ, թիրախավորվել են Սիրիայի նաև ազգությամբ հայ քաղաքացիները, այդ թվում՝ գործարարներ, զինվորականներ և այլք: Կրկնեմ, որ նրանք ահաբեկչական սպառնալիքի ներքո են գտնվել հակամարտության ողջ ընթացքում, պարզապես այս անգամ երեւի թե մեր հոգեւորականների անզգուշությունը եւ ոչ բավարար զգոնությունն է հանգեցրել, որ նրանք դարձել են ահաբեկչության զոհ: Պետք է հիշել, որ Սիրիական հակամարտությունը դեռ չի ավարտվել, եւ Սիրիայի տարբեր տարածքներում դեռեւս առկա են տարաբնույթ վտանգներ ու սպառնալիքներ: Անգամ հետճգնաժամային Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը դեռեւս տեւական ժամանակ կանգնած է լինելու Սիրիայի բոլոր քաղաքացիների առջև, ուստի պետք է զգույշ եւ աչալուրջ լինել՝ նման ողբերգական միջադեպերից խուսափելու համար»:

Արմեն Պետրոսյանը նաեւ նշեց՝ այս միջադեպի առնչությամբ թե ՀՀ ԱԳՆ-ի, եւ թե հայ եկեղեցական կառույցների հնչեցրած ուղերձները բավականին ճիշտ ձեւակերպումներ ունեին եւ հստակ ցույց են տալիս, որ հայ հոգեւորականների դեմ իրականացված ահաբեկչությունը ոչ միայն սիրիահայության եւ հայ ժողովրդի խնդիրն է, այլ ողջ քաղաքակիրթ մարդկության, քանի որ Սիրիայի տարածքում դեռեւս գործող տարաբնույթ խմբավորումները թիրախավորում են հատկապես այդ երկրում դարեր ի վեր հաստատված էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930