Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած․ «Ազգ»

Նոյեմբեր 16,2019 10:15
artagaxt

2019 թ.-ի հունվար-սեպտեմբերին սահմանային սահմանակետերով 35 հազար 549 ավելի ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից, քան վերադարձել: Շեշտենք, որ խոսքը միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերվում, այլ ոչ թե Հայաստան ելումուտ անող բոլոր՝ նաեւ այլ երկրների քաղաքացիներին: Նախկինում, հիմք ընդունելով հենց այս՝ Հայաստան ելք ու մուտք անող բոլոր, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների տվյալները, վարչապետը հայտարարում էր, որ ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Օրերս նրա գրառման մեջ դարձյալ այդ տվյալն էր բերված, բայց այս անգամ շեշտը դրված էր այն բանի վրա, որ բացասական տարբերությունը նվազել է: Դա մի կողմից փաստում էր նախկինում նրա գրառման անհիմն լինելը, մյուս կողմից, որ արտագաղթը, ցավոք, շարունակում է գերազանցել ներգաղթին:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստան մտնող եւ դուրս եկող մարդկանց թվի վրա վերջին մեկուկես տարում էապես ազդել է Հնդկաստանից աշխատանքային միգրացիայի կամ ուսման նպատակով Հայաստան եկողների ցուցանիշը: Դա ներկայացնել որպես արտագաղթ-ներգաղթի դրական միտում՝ առնվազն երեսպաշտություն է: Ավելին, այս ցուցանիշը, այդուհանդերձ, բացասական է՝ Հայաստանից մեկնած օտարերկրյա քաղաքացիների թիվը 9 հազար 857-ով գերազանցել է Հայաստան եկածների թվին:

Սրանք այս տարվա ընթացքում արձանագրված ամենեւին էլ ոչ մխիթարական ցուցանիշներն են: Ինչ մնում է վերջին մեկ-երկու տարվա Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ապա այն բավականին ուշագրավ է:

Հայաստանի ժողովրդագրական տագնապները

Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 965 հազար է: 2018 թ.-ի ընթացքում այն նվազել է ավելի քան 7 հազարով:

Քաղաքային բնակչությունը 2019 թ.-ի հունվարին 2018 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 900-ով եւ կազմել մոտ 1 մլն 894 հազար մարդ: Ընդ որում, Երեւան քաղաքի բնակչությունը ոչ միայն չի նվազել, այլեւ մոտ 4200-ով աճել է եւ կազմել 1 մլն 81 հազար մարդ: Քաղաքներից ամենաշատը նվազել է Գյումրիի բնակչությունը՝ մոտ 1000-ով եւ կազմել 113,5 հազար մարդ:

Գյուղական բնակչությունը նվազել է 6,5 հազարով եւ կազմել մոտ 1 մլն 70 հազար: Ամենից շատ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերի գյուղական բնակչության թիվը: Լոռու մարզի գյուղական բնակչությունն է միայն աճել:

Հետաքրքրական են ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ցուցանիշները, որոնք չգիտես ինչու վարչապետն ընդգրկել էր իր «100 փաստ»-ի մեջ: Ըստ այդմ, նա հպարտանում էր, որ իր կառավարման շրջանում ամուսնությունների թիվն աճել է, իսկ ամուսնալուծություններինը՝ նվազել, այդպես էլ չասելով, թե այդ ամենը ինչ կապ ուներ կառավարության գործունեության հետ: Սակայն, զավեշտն այն է, որ անգամ այդ թվերը հպարտանալու պատճառ չէին:

Իրականում 2018 թ.-ի ընթացքում ամուսնությունները Հայաստանում ոչ թե ավելացել են, այլ նվազել՝ 2017 թ.-ի 15214-ի փոխարեն կազմելով 14822: Ամուսնալուծություններն էլ թեեւ նվազել են 120-ով եւ կազմել 3820, բայց այս թիվը գերազանցել էր 2016 կամ 2015 թվականներին արձանագրված ամուսնալուծությունների ցուցանիշին:

Դատելով այս տվյալներից, ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած եւ դրանց լուծումը թողնել երեւութական 2050 թվականի վրա, ինչի մասին տարփողում է կառավարության ղեկավարը, մեղմ ասած, անլուրջ է:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930