Լրահոս
Օրվա լրահոսը

1-4` «սպիտակ», 2-3`«սեւ». կամ հակառակը

Նոյեմբեր 16,2019 10:00

Ինչպես եւ սպասվում էր, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովն արժանացավ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց խանդավառ կողմնակիցների բուռն արձագանքին: Կանխատեսելի էր նաեւ, որ թիրախում կլինի ոչ թե այն, թե ինչ էին ասում համաժողովի մասնակիցները, այլ նրանց անձնական հատկանիշները, անցած ճանապարհը, ինչպես նաեւ ակումբի անունը, որը, համաձայնեք, իսկապես բավականին հավակնոտ է: Ինչպես եւ «Սասնա ծռերի» դեպքում, այստեղ էլ ամբողջ ազգի համար նվիրական անունը «սեփականաշնորհվում է» մի խումբ քաղաքացիների կողմից. անկախ նրանից, թե ում համար է այդ խումբն ընդունելի կամ անընդունելի, «մեծը» տեղավորվում է «փոքրի» մեջ:

Բայց դա, իհարկե, երկրորդական հարց է: Առաջնայինը ակումբի գործառույթներն են, ուղղվածությունն է, ուղերձը: Եվ դրա համար պետք է անդրադառնալ համաժողովի մասնակիցների կազմին: Քաղաքականացված մարդկանցից դրա կորիզն են կազմում ՀՀԿ-ականները (գումարած Սերժ Սարգսյանի այլ կողմակիցներ), քոչարյանականները (Վիկտոր Սողոմոնյան, Արդրանիկ Թեւանյան եւ այլն) եւ ներկա ու նախկին դաշնակցականները, որոնք այս կամ այն ձեւաչափով համագործակցել են երկրորդ եւ երրորդ նախագահի հետ: Այդ երեք խմբերից առանձնանում են անկախ փորձագետները՝ Լարիսա Ալավերդյանի եւ Թաթուլ Մանասերյանի նման, որոնք, ի պատիվ իրենց, ոչ մի բարդույթ չեն ունենա մասնակցելու նաեւ, ասենք, ՔՊ-ի կազմակերպած համաժողովին: Նման, ոչ քաղաքական անձանց կարծիքն անձամբ ինձ համար առավել գնահատելի է: Բայց «Վերնատան» ընդհանուր ուղղվածության մեջ փորձագետները, կարծում եմ, որոշիչ դեր չեն խաղա:

Այսպիսով, «Վերնատան» հիմնադրմամբ վերջնականապես ուրվագծվում է ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիան՝ մի կողմից Հայաստանի առաջին եւ չորրորդ ղեկավարների կողմնակիցները (ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ակումբը «քլնգում» ոչ միայն նիկոլականները, այլեւ լեւոնականները), մյուս կողմից երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցները: Էլի յուրահատուկ «սեւ-սպիտակ», բայց թե ով է սեւ, ով սպիտակ, ամեն մեկը որոշում է ըստ իր ճաշակի:
Ոչ մի գնահատական չեմ տալիս այս իրավիճակին, պարզապես արձանագրում եմ փաստը: Բայց կարեւոր է, որ երկու կողմերը կարողանան իրար լսել, եւ ոչ թե միայն վիրավորել ու պիտակավորել: Չի կարող պատահել, որ «Վերնատան» երեկվա համաժողովում ոչ մի բանական միտք չհնչեր: Չի կարող պատահել նաեւ, որ մեկուկես տարվա ընթացքում ներկայիս իշխանության բոլոր քայլերը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ սխալ լինեն:

Պարզապես անհրաժեշտ է հաղթահարել այս «թեզիսն» ու «հակաթեզիսը» եւ նոր մակարդակի վրա հասնել «սինթեզի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի այժմու վարչակարգի արտադրածը Ընդդիմութիւն չէ, այլ շատ աւելին: Շարժում մըն է որ կը գերազանցէ քաղաքականութիւնը, եւ կը կոչուի՝ Հակազդեցութիւն, Դիմադրութիւն: Հակայարձակողական պայքար:

    Շնորհիւ իր այժմու վարչակարգին, վերջապէս, Հայաստանը սկսաւ հասկանալ թէ ինչ է նշանակում Հայութիւն, եւ որոնք են անոր սպառնացող ամենաէական վտանգները:

    Հայաստանի իսկական, առաջին յեղափոխութիւնը՝ այժմու հակա-յեղափոխութիւնն է:

  2. Լավատես says:

    Մենք պետք է հստակորեն ձեւակերպենք՝ այն ինչը ռազմավարական նշանակություն ունի պետք է կոչվի ազգային, երկրներ կան, որտեղ պահպանվել են թագավորությունները, այդ երկրներում ազգայինի փոխարեն օգտագործում են թագավորական բառը, երբ մենք էլ մեր թագավորությունը վերագտնենք, մենք էլ ազգայինից կանցնենք թագավորականի, այսպիսով՝ թագավորական, ներեցեք, ազգային բանակ, ազգային անվտանգության ծառայություն, ազգային երկաթուղի, որը հիմնահատակ կորցրել ենք, պետք է նորը՝ ազգայինը կառուցել, ազգային ժողով, ազգային իշխանություն, ազգային ընդդիմություն, ազգային տնտեսություն, ազգային դրամ ու ազգային դրամի ազգային արտադրություն ու ազգային դրամի ազգային կառավարում: Ազգային իշխանությունն ու ազգային ընդդիմությունը հաղորդակցվող անոթների նման նույն մակարդակն ունեն, բարձրացնելով մեկի մակարդակը բարձրանում է մյուսի մակարդակը, դրա լավագույն ապացույցը ընդդիմության լավագույն հեղափոխությունն էր, որը իշխանության լավագույն որոշման գրավականը դարձավ: Հիմա ժամանակն է անցնենք հաջորդ մակարդակ, մեզ հեղափոխական նոր ընդդիմություն է պետք, բայց ոչ այսօրվա անմակարդակ ընդդիմության նման:

  3. Իրատես says:

    Դա, ոչ թե ամպագոռգոռ Վերնատուն, այլ ընդհամենը՝ աբիժնիկների ակումբ, բայց ու՞մից,ե՞րբ,ինչի՞ համար,հանուն ինչի՞ ու հիմա ի՞նչ էն ուզում,որ առաջ չեն ուզել,կամ ուզել էն՝չեն տվել և այդ ամենը լուռ ու մունջ տարել էն…ու հիմա որոշել էն խախտել լռությունը,գտնելով,որ բաց թողնելով այսօրվա մանր-մունր ժխորները,բա էլ երբ,եթե ոչ հիմա՝ հիշեցնեն իրենց մասին,որ իրենք էլ կան և այդ խշշոցի մաս էն կազմում,ի՞նչ իմանաս,մեկել տեսար….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930