Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ վարակակիր հիվանդ կալանավորին առողջապահության նախարարությունը մերժել էր

Նոյեմբեր 16,2019 12:00

Նախարարությունը գրավոր պատասխանել է, որ դիմածնոտային մասում սկսված փտախտի վիրահատության հարցը դուրս է առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակից եւ վկայակոչել է ՀՀ Սահմանադրությունից մի շարք հոդվածներ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող  կալանավորի գործը:

Տարիուկես է, ինչ նա բերվում է դատարան, եղել էին դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս վատացել է նրա ինքնազգացողությունը: Կալանավորը սեպտեմբերի 10-ին դիմել էր դատարան՝ իր նկատմամբ գրավ կիրառելու, բուժումը շարունակելու խնդրանքով: Դատավոր Ա. Դանիբեկյանը որոշումը հրապարակելու համար մտել էր խորհրդակցական ժամը 12:30-ին, որտեղից դուրս է եկել ժամը 16:30-ին, եւ դատարանում երկարատեւ պահելու, սնունդ ու դեղորայք չընդունելու պատճառով, վատացել էր հիվանդ կալանավորի վիճակը: Այդ օրվա նիստի հետ կապված կալանավորը դիմել էր ԲԴԽ՝ իր նկատմամբ կատարվածը համարելով խոշտանգում:

Կալանավորը բազմաթիվ նամակներ էր ուղղել պատկան մարմիններին, բուժհիմնարկներին, առողջապահության նախարարությանը, որոնք հրաժարվել են հիվանդ կալանավորի խնդրին լուծում տալ:

Նոյեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հիվանդ կալանավորի պաշտպանը՝ փաստաբան Լիանա Բալյանը հանդես եկավ «Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ» միջնորդությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը հաշվառված է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոն ՊՈԱԿ-ում: Նա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 2018 թվականի փետրվարի 9-ին՝ «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկից, որպես ՄԻԱՎ վարակակիր: Պաշտպան Լիանա Բալյանը հղում կատարելով բժշկական բազմաթիվ տեղեկանքներին, իր հարցումների պատասխաններին, տեղեկացրեց. «Հիվանդի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ  3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Ստորին ծնոտի քրոնիկ դեստրուկտիվ օստիոնեկրոզ աջից»:

Ըստ պաշտպանի,  ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկը չի կարողանում իրականացնել ծնոտի վիրահատությունը, ինչպես նաեւ հնարավոր  չէ ապահովել հիվանդի պատշաճ բուժումը, դեղորայքի ընդունումը եւ հատուկ սնունդը:

Ի դեպ, ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձի մոտ ախտորոշված է «ծնոտների   օստիոնեկրոզ՝ դեզոմորֆինի գործածման հետեւանքով», որի համար վերջինիս ցուցված է վիրահատական բուժում: ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմը բժշկական օգնության ուղեգրով դիմել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Արմենիա», «Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերություններ՝ կալանավորի բուժումն իրականացնելու համար: «Նշված բժշկական կենտրոնները հրաժարվել են ընդունել հիվանդին՝ պատճառաբանելով, որ այդ վիրահատությունները կատարվում են միայն «Աստղիկ» բժշկական կենտրոնում: 2019 թվականի հուլիսի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոցի» վարչակազմը դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից 2019 թվականի հուլիսի 18-ին հայտնել են, որ նմանատիպ ախտորոշմամբ հիվանդներին ցուցված է ստորին ծնոտի մասնահատում՝ ծնոտի ամբողջականության վերականգնումով, սակայն տիտանե մաքսիփլեյթի բացակայության պատճառով նշված վիրահատությունը չի իրականացվում»,-ասաց Լ.Բալյանը:

Հուլիսի 31-ին ՔԿ հիմնարկի վարչակազմը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ ներկայացնելով խնդրո առարկան, սակայն առողջապահության նախարարությունը 2019 թվականի օգոստոսի 9-ին տեղեկացրել է, որ դիմածնոտային պլաստիկ վիրահատությունը կատարվում է վճարովի սկզբունքներով:

«Ես նույնպես խնդրո առարկայի շուրջ բազմիցս դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարին, սակայն 26.09.2019 թվականին առողջապահության նախարարությունը գրավոր պատասխանել է, որ իմ կողմից բարձրացված հարցը դուրս է առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակից եւ վկայակոչել է ՀՀ Սահմանադրությունից մի շարք օրենքներ»,-ասաց փաստաբանը:

Նա նաեւ դատարանին ահազանգեց, ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Քանի որ  պաշտպանյալիս  մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ 3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, ՀՀ-ում բոլոր բուժհիմնարկները հրաժարվում են հիվանդին վիրահատել, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը անտարբեր է այս հարցում»:

Կալանավորի կյանքին վտանգ է սպառնում, եւ նրա հարազատները դիմել են Մոսկվա քաղաքի բուժհիմնարկներից մեկը, իրենց ֆինանսական միջոցներով  վիրահատություն կատարելու խնդրանքով, որը բավարարվել է:

Մոսկվա քաղաքի «Վերակառուցման եւ պլաստիկ վիրահատության» բաժանմունքի բժիշկ Ռոման Վալերի Կուցենկոն,  փաստաբանի տեղեկացմամբ, իրենց գրավոր պատասխանել է. «Սկավառակին ներկայացված  տվյալներից դժվար է դատել ոսկորներում տեղի ունեցող փոփոխության մասին: Ախտաբանական ընթացքի տարածվածությունը լիարժեք գնահատելու համար պետք է կատարել բազմապարուրային համակարգչային տոմոգրաֆիա եւ ենթադրյալ ախտորոշումն է ստորին ծնոտի դեզոնորֆինային օստիոնեկրոզը, որի վերաբերյալ պետք է կատարվի առողջացման գործողություն՝ բորբոքային գործընթացով ախտահարված ոսկորների ռեզեկցիա: Այնուհետեւ հիվանդը դիտվում է 6 ամիսների ընթացքում, եւ եթե չեն առաջանում բորբոքման նոր օջախներ, առաջարկվելու է վերակառուցողական գործողություն՝ ոսկորի ռեզեկցիայի ենթարկված հատվածների փոխարինման գծով: Եվ հաշվի առնելով, որ տվյալ պահին ախտորոշումը ենթադրյալ է եւ հաշվի չի առնում գործընթացի տարածվածությունը՝ վերջնական ախտորոշումն ու բուժման ծրագիրը կարելի է կազմել միայն լիարժեք խորհրդատվության ժամանակ»:

Նա նշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-245-րդ հոդվածներով  նախատեսված «հանձնաժողովային  փորձաքննություն նշանակելու» հիմքերը, համաձայն որի, քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի՝ այդ թվում համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ:

Լիանա Բալյանը միջնորդեց նշանակել հանձնաժողովային դատաբժշկական  փորձաքննություն, փորձաքննությունը հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպությանը, եւ փորձագետներին պարզաբանման համար առաջադրել հետեւյալ հարցերը. կալանավորն ի՞նչ հիվանդություններով է տառապում եւ ի՞նչ ծանրության աստիճանի են, նրա դիմածնոտային մասում սկսված փտախտը վիրահատության կարիք ունի՞, թե՞ ոչ, այն վտանգավո՞ր է նրա կյանքի համար, թե՞ ոչ, հիվանդի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժամունքում պահվելն արդյոք համատեղելի՞ է նրա կյանքի եւ առողջության համար, թե՞ ոչ  եւ հիվանդը անհապաղ վիրահատության կարի՞ք ունի, թե՞ ոչ:

Մեղադրող Գեւորգյանն ըստ էության չառարկեց միջնորդությանը, իսկ դատավոր Ա.Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ բավարարեց միջնորդությունը, փորձաքննությունը կկատարի Ազգային բյուրոն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930