Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ` նախագահ կընտրվի 2-րդ փուլով»

Նոյեմբեր 16,2019 12:30

«Արցախյան հասարակությունում զգալի փոփոխություններ կան, հասարակությունն ավելի է բացվել, խնդիրների մասին մարդիկ պատրաստ են բաց խոսել: Իրական փոփոխությունների լուրջ պահանջ կա, որն ապացուցվել է նաեւ տարբեր իրավական-քաղաքական գործընթացներով»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

– Նախընտրական ի՞նչ իրավիճակ է Արցախում, Ձեր բազմաթիվ հանդիպումներից ի՞նչ տպավորություններ ունեք՝ պատրա՞ստ են արցախցիները փոփոխությունների եւ ի՞նչ փոփոխությունների են պատրաստ:

– Ֆորմալ առումով նախընտրական իրավիճակ չկա, այն կսկսի ընտրությունների մասին հայտարարելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում: Կա քաղաքական ուժերի եւ գործիչների պատրաստություն նախընտրական գործընթացին: Կուսակցությունները փորձում են ուժեղացնել իրենց կառույցները, խոսել բնակչության հետ: Ի դեպ, նման ակտիվ քաղաքական գործընթացը սկսել էր դեռեւս 2018-ի ամառվանից: Մենք միշտ էլ ակտիվ հանդիպումներ էինք անցկացնում, ուղղակի դրանց թիվն ենք ավելացրել:

Արցախյան հասարակությունում զգալի փոփոխություններ կան, հասարակությունն ավելի է բացվել, խնդիրների մասին մարդիկ պատրաստ են բաց խոսել: Իրական փոփոխությունների լուրջ պահանջ կա, որն ապացուցվել է նաեւ տարբեր իրավական-քաղաքական գործընթացներով: Ես վստահ եմ, որ այդ փոփոխությունները կլինեն, որովհետեւ այսօր հասարակության ինքնակազմակերպման մակարդակը բարձր է, մեծ է նաեւ մեր` Ազգային վերածնունդ կուսակցության կազմակերպչական ներուժը:

– Թեկնածուների հիմնական շրջանակը հայտնի է՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան, Դուք, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ հավակնություններ ունի, նաեւ ասում են, որ Արցախի գործող իշխանությունը՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ձեռնպահ է մնալու ընտրական գործընթացներին որեւէ ձեւով մասնակցություններից: Այս տրամաբանությունը կպահպանվի՞, ըստ Ձեզ, թե անակնկալներ են հնարավոր:

– Թեկնածուները շատ են, հավանաբար 7-8 հոգի կմասնակցեն նախագահական ընտրություններին: Նրանց մի մասը Բակո Սահակյանի շրջապատից ու թիմից են: Կարծում եմ` նախագահ կընտրվի 2-րդ փուլով:

– Մինչ համագումարի անցկացումը եւ նախագահի պաշտոնում թեկնածության պաշտոնական առաջադրումը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր կուսակիցների հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից Ազատ հայրենիքի անդամները շատ ոգեւորված եւ տպավորված էին ու միանգամից իրենց հարցազրույցներում սկսեցին գովերգել Նիկոլ Փաշինյանին: Խոսակցություններ կան, որ ՀՀ վարչապետը խոստացել է սատարել Արայիկ Հարությունյանին՝ նախագահական ընտրություններում: Այս ներքին գործընթացները Ձեզ չե՞ն մտահոգում:

– ՀՀ իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ չեն սատարելու որեւէ ուժի կամ թեկնածուի, այլ ստեղծելու են պայմաններ՝ որակյալ ընտրությունների կազմակերպման համար: Ազատ հայրենիք կուսակցության ձեւավորած խմբակցության այցը Երեւան եւ հանդիպումն՝ այդ թվում թիվ մեկ դեմքի հետ, ոչինչ չի ասում: Մի քանի ամիս առաջ էլ Հայաստանի ԱԺ բոլոր խմբակցություններն էին առանձին-առանձին եկել եւ հանդիպել Արցախի բարձրագույն իշխանությունների հետ:

– ՀՀ իշխանությունների դերակատարումը Արցախի ընտրություններում ինչ-որ կերպ պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ ազդեցություններ դրանք կթողնեն գործընթացների վրա, այդ թվում՝ նաեւ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի:

– Ես հիմնվում եմ ՀՀ իշխանությունների հրապարակային հայտարարությունների վրա: Նրանք հայտարարել են, որ երաշխավորելու են Արցախում արդար ընտրությունների անցկացումը: Կարծում եմ, որ քվեարկության ընթացքն առնվազն կարող են վերահսկել: Բնականաբար, արդար ընտրություններով ընտրված իշխանության պարագայում հասարակության մեջ կբարձրանա արդարության զգացումը, ինչն անվտանգային բաղադրիչ ունի նաեւ:

– Դուք Հայաստանի հեղափոխության ջատագովներից էիք, սակայն վերջերս նաեւ քննադատություններ եք հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին. պատճառն այն է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նա չսատարե՞ց Արցախում արտահերթ ընտրություններ նախաձեռնելու Ձեր ցանկություններին:

– Մենք ողջունել ու աջակցել ենք հայաստանյան հեղափոխությունը դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ եւ աջակցում ենք պաշտոնական Երեւան դարձած հեղափոխական թիմին նաեւ այժմ, հատկապես արցախյան ծրագրերի հետ կապված: Արցախի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աննախադեպ քայլեր է անում, ինչը, բնականաբար, ողջունելի է:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունները փակուղում են: Ազատ հայրենիքի անդամները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասացին, որ վարչապետը լավատեսական էր տրամադրված եւ կարծում է, որ բանակցային գործընթացը վերսկսելու դրական ազդակներ կան: Օրերս էլ Երեւանում Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր փաստաթղթերում, որոնք կողմերը քննարկում են: Եվ վերջնական լուծման մեջ պետք է հաշվի առնել այդ բոլոր սկզբունքները: Սրա հետ չեն վիճում ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն: Իսկ մնացածը… Դիվանագիտական արվեստը փոխզիջումների գնալու պատրաստակամությունն է»: ՀՀ իշխանական շրջանակներում ոգեւորություն է առաջացրել այն, որ Լավրովը կրկնեց Նիկոլ Փաշինյանին՝ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Մյուս կողմից՝ բոլոր ժամանակներում եւ իրավիճակներում էլ համանախագահները փաստել են, որ առանց Արցախի վերջնական համաձայնության, հարցի կարգավորման որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել:  Ձեր կարծիքով, ի՞նչ փուլ է բանակցային գործընթացում եւ ինչո՞ւ է Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը ոգեւորության տեղիք տվել:

Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն՝ կոնկրետ բանակցությունների անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»: ՀՀ ԱԳՆ խոսնակը հերքեց՝ ասելով, որ որեւէ կոնկրետ փաստաթուղթ այս պահին չի բանակցվում: Սրան ինչ կասեք:

– Բանակցային որեւէ փուլ չկա, որեւէ կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում: Մենք խնդիր ունենք հավասարակշռել սպառազինությունը եւ այդպիսով հետաձգել պատերազմը: Ժամանակը կաշխատի մեր օգտին, եթե այդ ընթացքում կարողանանք լուծել ժողովրդագրական, ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ: Ես այդպես եմ տեսնում հարցի լուծումը, մեր կուսակցության համար Արցախի բնակչության աճը եւ որակյալ ենթակառուցվածքները առանցքային հարցեր են, այդ հարցերը լուծելու համար պետք է ոչ միայն ներքին ռեսուրսները մոբիլիզացվեն, այլ էական աջակցություն լինի ՀՀ իշխանությունների կողմից եւ որակյալ փոխգործակցություն Սփյուռքի հետ:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930