Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաղրամյան պողոտայի հարակից բակային տարածքներից մեկում այսօր Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը քաղաքացու ահազանգի հետքով լուսանկարել էր վանդակում պահվող կենդանու, որի տերը՝ հարակից սրճարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կենդանին գայլ չէ, այլ խառնուրդ, եւ որ ինքը համապատասխան փաստաթուղթ ունի: Ավելի ուշ քաղաքացու ահազանգի հետքով գործընկերների հետ տարածք էր գնացել նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը: Նրա հետ էլ կապ հաստատեցինք: Կարինե Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ կենդանին արդեն տեղափոխվել է Կենդանաբանական այգի:
Նա պատմեց. «Պարզեցինք, որ գայլը պատկանում է «Ծիրան» սուպերմարկետների ցանցի տիրոջը: Հարակից սրճարանի տերը ներկայացավ եւ ասաց, որ այսպես կոչված «շունն» իրեն է պատկանում: Որքանով հասկացանք՝ կենդանին ի սկզբանե պահվել է անմխիթար պահմաններում՝ սուպերմարկետի հետնամասում: Փորել-դուրս է եկել, եւ այլ կացարան են սարքել՝ վանդակ: Այն գուցե համապատասխանում է շներին, բայց վայրի կենդանու համար համապատասխան պայմաններ պետք է լինեն, որոնք այս դեպքում բացակայում էին»:
Կարինե Բաղդասարյանի փոխանցմամբ. «Ըստ սրճարանի սեփականատիրոջ՝ կենդանին բերվել էր Իջեւանից: Նա ասում էր, որ գայլի խառնուրդ է: Մենք ստիպված եղանք հրավիրել ՀՀ առաջատար մասնագետների, այդ թվում՝ Կենդանաբանական այգու մասնագետին եւ Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի գլխավոր կենդանաբույժին: Առաջին հայացքից եզրակացությունն այն է, որ կենդանին գայլ է: Կենդանուն տեղափոխեցին Կենդանաբանական այգի, որտեղ սիրով կզբաղվեն նրանով, նրա ադապտացիայով: Կենդանին, միանշանակ, գայլ էր: Եթե տերերը կուզենան ապացուցել, իրենց հաշվին գենետիկ հետազոտություն անել եւ պարզել, որ այն խառնուրդ է, իրավունք կունենան հետ պահանջելու, բայց կարծում եմ իրենք էլ են գիտակցում, որ շուն չէ: Կենդանին անգամ չէր հաչում. գայլը չի հաչում: Իհարկե, կենդանուն լավ էին վերաբերվել, չեմ կարող ասել, թե նա տանջված էր: Նա շատ մարդամոտ էր: Թեեւ լավ էին վերաբերվել, բայց այդ պայմանները համապատասխան չէին գայլի գոյատեւման համար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը կապ հաստատեց նաեւ Արթուր Ավետիսյանի հետ: Հիշեցնենք՝ նա ներկայացել էր, որ տարածքին հարակից սրճարանի տնօրենն է, եւ որ կենդանին իրեն է պատկանում: Նա մեզ հետ զրույցում չբացառեց, որ կենդանին կարող է եւ գայլի խառնուրդ լինել, որովհետեւ ինքը դեռեւս փոքր հասակից է նրան պահել ու խնամել, բայց՝ որպես շան: «Նայում են դեմքին ու ասում, թե մասնագետ են, եւ դա գայլ է…այդպես բացատրություն տալի՞ս են: Ես կենդանուն որպես շան ձագ պահել եմ, խնամել, մեծացրել, բայց չգիտեմ՝ մեծանալով՝ ինչի՞ է նմանվել: Ես որպես գայլ չեմ պահել նրան, ոչ էլ կպահեի որպես գայլի, նման նախասիրություններ չունեմ, չեմ էլ իմացել, որ կարող է գայլ լինել, ի՞նչ կարող էի իմանալ: Միտումնավոր չեմ պահել որպես գայլի, այլ որպես շան ձագի եմ մեծացրել, ընդ որում՝ շատ լավ եմ պահել, լավ եմ կերակրել: Կարող է խառնուրդ լինել, բայց ես մեղավո՞ր եմ դրանում»,-հարցադրում արեց պարոն Ավետիսյանը, ապա հավելեց,-«եթե կարող են հիմնավորել, որ գայլ է, խնդիր չկա, գայլը թող պահվի այնտեղ, որտեղ համապատասխան է: Պատրաստ եմ գնալ, տեսնել, եթե ինչ-որ բանի կարիք լինի՝ անել, բայց պնդում եմ, որ որպես շուն եմ պահել նրան»:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ կենդանին պատկանում է «Ծիրանի» սեփականատիրոջը, Արթուր Ավետիսյանը հերքեց. «Սուպերմարկետն առհասարակ այստեղ կապ չունի, կենդանին իմն է եղել դեռեւս փոքր հասակից: Ով նման բան է ասում, սուտ է ասում: Ոստիկանները ներկա են եղել, եւ նման խոսակցություն չի եղել, դա իմ շունն է: Եթե գայլ է, թող պահեն համապատասխան վայրում, ես միայն ուրախ կլինեմ, բայց կենդանին կարող է եւ խառնուրդ լինել»:
Հավելենք, որ կենդանու տեղափոխումը Կենդանաբանական այգի իրականացրել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Վերջինիս փոխտնօրեն Հարություն Առաքելյանը նշեց, որ ըստ ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժի եւ Կենդանաբանական այգու մասնագետի եզրակացության՝ կենդանին գայլ է, իսկ տերը չի ունեցել կենդանու պահման համապատասխան փաստաթուղթ, վանդակի չափերն էլ չեն համապատասխանել Կառավարության որոշմանը:
Առաքելյանի փոխանցմամբ՝ կենդանին անցնելու է բժշկական հետազոտություններ՝ առողջական վիճակը պարզելու համար:
Հիշեցնենք՝ «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգով Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից մեկում այսօր լուսանկարել էր վանդակում պահվող կենդանու, որի տերը վստահեցրել է՝ թույլտվություն ունի, որը ցույց կտա առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ