ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը եւ Գեւորգ Պետրոսյանն այսօր այցելել էին ԿԳՍՄ նախարարության հրաժարականը պահանջող ցուցարար երիտասարդներին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ իրենք այցելել են ցուցարարներին`արձագանքելով նրանց կոչին:
Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդական միությունը դիմել էր խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին`ԲՀԿ, ԼՀԿ`հորդորով`իրականացնել սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:
Արմն Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն պատասխանատու քաղաքական ուժ է եւ արձագանքել է իրեն ուղղված կոչին: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի համար այն ամենն ինչը հայոց է`եկեղեցի, պատմություն, լեզու, ընտանիք, ավանդույթներ, եղել են կան եւ մնում են «անբեկանելի սրբություն եւ գաղափարներ»: Ինչ վերաբերվում է դիմումին`այն կքննարկեն խմբակցությունում եւ խմբակցության անունից կպատասխանեն երիտասարդներին:
Նախարարությունն այսօր հայտարարել էր, որ պատրաստ են հանդիպման եւ քննարկումների: Արման Աբովյանը կարեւոր է համարում, որ այն լինի բաց, հրապարակային: ԲՀԿ-ի պատասխանը երիտասարդներն`կախված կլինի նաեւ այդ հանդիպման արդյունքներից:
Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանի համար էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հրատապությունն այդքան էական չէ, որքան դրա հիմնավորումները: Խնդիրը, ըստ նրա, անձը չէ, այլ այն, որ ոլորտում պետական քաղաքականությունը պետք է միտված լինի ՀՀ քաղաքացու շահի սպասարկմանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ