Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվայնացումը հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 15,2019 19:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ:

Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է. «Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի և հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է և մեզ համար կարևոր նշանակություն ունեցող վիճակագրության և ընդհանրապես վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատկերացնում այս խնդրի իրագործումը՝ այն կտրվածքով, որ կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:

Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ ոլորտների թվայնացնումը պետք է այդ հեռանկարով լինի, որ համակարգերն իրար հետ աշխատեն: Իհարկե, նաև պետք է փորձենք այնպես անել, որ մինչև հիմա թվայնացված համակարգերը կարողանանք ինտեգրել մեկը մյուսին: Սա բավական բարդ խնդիր է, ընդ որում՝ նույնքան կարևոր է, որ թվայնացված և ինտեգրված համակարգերը լինեն օգտագործելի, այսինքն՝ դրանց մեջ մեզ անհրաժեշտ տեղեկությունների գեներացման, փնտրման, դասակարգման և մատուցման համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ, մասնավորապես, կազմվել է ՀՀ 2020-2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը: Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին և թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին: Հ. Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են թվայնացման որակի չափանիշներին, գործող էլեկտրոնային համակարգերի համադրելիությանը, թվային օրակարգի շրջանակում տարվող աշխատանքների իրականացման ուղղություններին, օրենսդրական դաշտին, գերատեսչական էլեկտրոնային համակարգերին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը: Նշվել է, որ նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել հետևյալ փուլերով՝ քաղաքականությունների մշակում և համակարգում, հանրային ծառայություն և մարդկանց ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ արդիականացում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել մրցունակ հանրային կառավարման համակարգ: Ներկայացվել են նաև Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսվող ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ թվայնացումը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան և հանձնարարել աշխատանքները շարունակել բովանդակային ու տեխնիկական պարամետրերի համադրելիության, համակարգերի փոխգործելիության ապահովման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա թվային հարթակների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը և դրանցից օգտվելու մշակույթի տարածումը՝ հանձնարարելով պատասխանատուներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կիսամյակային կտրվածքով համեմատական վիճակագրություն ներկայացնել հանրային իրազեկվածության և թվային տեխնոլոգիաների կիրառելիության վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930