Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները համայնքներին չեն կարող վերահսկել, բայց օրենքով նրանց լիազորում են. Վարազդատ Կարապետյանը՝ հակասահմանադրական դրույթի մասին

Նոյեմբեր 15,2019 18:07

Մարզպետարաններ-համայնքներ փոխհարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը մարզպետարանների կողմից ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողության հարցն է, եթե դա իրականացվի մարզպետների կողմից, փաստացի հակասահմանադրական քայլ կլինի:

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսութան եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ էր բերել, որի մասնավորապես 96-րդ հոդվածում ավելացվել է երկու կարճ բառ՝ «մարզպետների միջոցով»: Այդ երկու բառերն արդարացիորեն հանվել էին առաջին ընթերցման ժամանակ, սակայն երկրորդ ընթերցումից հետո այն նորից աննկատ մտցրել են: Արդյունքում՝ այդ ճանապարհով պահպանել են ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու մարզպետների լիազորությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ 188-րդ հոդվածի կարգավորումներին, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: Հետևապես, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ Սահմանադրության հոդվածի խմբագրությունը՝ այն նախատեսելով նախագծի 5-րդ հոդվածում:

Այսօր ԱԺ-ում, երբ այս առնչությամբ Վարազդատ Կարապետյանին հարցրեցինք՝ նա պատասխանեց. «Համայնքների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Դա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Կառավարությունն ունի իր ստորաբաժանումները եւ իր ներկայացուցչությունը մարզերում, դրանք մարզպետարաններն են ու մարզպետներն են: Հիմա ՏԻ մասին օրենքով սահմանված է: Հարցը մենք քննարկել ենք հանձնաժողովի նիստում, որին բոլորը դրական եզրակացություն տվեցին, այդ թվում՝ ընդդիմությունը: Հիմա օրենքը ասում է, որ ոչ թե մարզպետները կգնան ու վերահսկողություն կիրականացնեն, այլ կառավարությունը կարող է վերահսկողություն իրականացնել նաեւ մարզպետների միջոցով: Այսինքն՝ որոշակի հարցեր կան, որ ամեն անգամ կենտրոնից դեպի համայնքներ մենք չունենանք մարդկանց, տեղեկատվության հոսքեր, որոշակի հարցեր կառավարությունը կարող է հանձնարարել մարզպետարաններին՝ համայնքների հետ ապահովելու համար»:

Մեր դիտարկմանը, որ «Տարածքային կառավարման մասին» օրենքով դա չկա, ու երբ ՏԻ մասին օրենքում այդ կարգավորումներն են նախատեսում, ստացվում է, որ մարզպետների լիազորությունը մնում է՝ Վարազդատ Կարապետյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք իրավական հսկողության մասին: Կառավարությունը հետեւում է, որպեսզի ՏԻՄ-երն իրենց որոշումների մեջ չխախտեն ՀՀ օրենքները: Այս հսկողության մասին է խոսքը: Կարծում եմ,կառավարությունը կարող է դա անել իր մասնագիտական կարողությունների միջոցով՝ կլինի դա կառավարության աշխատակազմում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կամ մարզպետարաններում, ես որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում»: Հարցին՝ այսինքն, ըստ ձեզ, մարզպետարանները վարչական վերահսկողություն չե՞ն կարողանալու իրականացնել այս կարգավորմամբ, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց. «Չէ, խոսքը իրավական եւ մասնագիտական վերահսկողության մասին է, այլ կերպ մարզպետները տեղական ինքնակառավարման գործընթացին միջամտելու իրավունք մեր օրենսդրությամբ չունեն»:

Չնայած Վարազդատ Կարապետյանի այս հավաստիացումներին, նշենք, որ կառավարությունը հստակ դիրքորոշում է հայտնել այդ դրույթի վերաբերյալ: «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումների դիրքորոշումների ամփոփաթերթիկում տառացիորեն նշված է՝ «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի դրույթների խմբագրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի կարգավորումներին, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: Հետևապես, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ Սահմանադրության հոդվածի խմբագրությունը՝ այն նախատեսելով նախագծի 5-րդ հոդվածում: Միաժամանակ գտնում ենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել և համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի պահանջներին»: Սակայն մեծամասնական պատգամավորները ոչ միայն սա նկատի չեն ունեցել, այլեւ իրենցք վեարկությամբ ընդունել են հակասահմանադրական դրույթը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930