Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյանը Չեխիայում բողոքել է Ադրբեջանին զենքի վաճառքից ու ստացել հավաստիացումներ՝ կվերահսկեն, որ նման գործարք չլինի

Նոյեմբեր 15,2019 15:58

Հոկտեմբերի 13-15-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գործուղման էր մեկնել Չեխիա, այնուհետեւ նաեւ Ուկրաինա ու Շվեդիա: Քանի որ իշխանականների գործուղումների հարցում հանրությունը մեծ աղմուկ է բարձրացնում հատկապես ծախսերի մասով, տիկին Աբրահամյան այսօր գործուղման արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ի սկզբանե տեղեկացրեց, որ երկու գործուղման՝ Պրահայի եւ Կիեւի ծախսերը եղել են կիսով չափ հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Գայանե Աբրահամյանը Պրահայում մասնակցել է ժողովրդավարության ֆորումին՝ նվիրված Չեխիայում հեղափոխությանը: Պատգամավորը պատմեց, թե Չեխիայում ինչքան ջերմ են ընդունել ու մեծ կարեւորություն տվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, որդեգրած արժեքներին ու իշխանությունների կամքին՝ բարեփոխումներ իրականացնելու. «Մոլդովայի վարչապետը իրենց հեղափոխության մասին խոսեց, ֆորումին պանելային քննարկման մասնակից լինելով՝ ես ներկայացրեցի հեղափոխության արդյունքները, հետհեղափոխական շրջանը, մեդիայում առկա խնդիրները»: Չեխիայում Գայանե Աբրահամյանը հանդիպել է Սենատի առաջին փոխխոսնակի ու տեղակալի հետ, խոսել են այնտեղ իրականացված անցումային արդարադատության, կիրառված լյուստրացիայի, ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի մասին:

Գայանե Աբրահամյանը բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը. «Նրանք համարում են, որ ուղիղ վաճառք, այդպիսի գործարք տեղի չի ունեցել, բայց հրապարակման մեջ փաստեր կային: Իրենք հավաստիացրեցին, որ խստորեն կվերահսկեն, որ երբեւէ նման գործընթաց տեղի չունենա: Իրենք պետք է հասկանան, որ եթե ի նպաստ Ադրբեջանի որեւէ հայտարարություն են անգամ անում, դա ազդում է սահմանում լարվածության վրա»:

Բանն այն է, որ այս պահին ադրբեջանական կողմը հսկայական ներդրումներ է իրականացնում Չեխիայում. «Գլխավոր հրապարակում հսկայական ներդրումներ են իրականացվում ու տեղական մամուլը մի տեսանյութ էր շրջանառում, որտեղ հրապարակի հենց կենտրոնում դրված էր Մեհրիբան Ալիեւայի արձանը, այսինքն, ներդրումների ծավալն այն աստիճանի են հասցել, որ իրենք մտավախություն ունեն, որ գլխավոր հրապարակը կարող է գրավել Ադրբեջանը, այստեղ մեր դիրքերը չափազանց թույլ են»: Սրան զուգահեռ տիկին Աբրահամյանը շեշտեց, որ 2018-ին Չեխիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվացել են, ներկրումները կրկնապատկվել են:

Հոկտեմբերի 29-30-ին Կիեւում գործուղմանն անդրադառնալով՝ Գայանե Աբրահամյանը խոսեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի Եվրանեսթի բյուրոյի նիստի մասին: Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին հաջողվել է այնտեղ մեզ ոչ ձեռնտու որոշ գործընթացներ կանխարգելել. «Ուկրաինական եւ ադրբեջանական պատվիրակությունները փորձում էին առաջ մղել առանձին Անվտանգության հանձնաժողով ունենալու գաղափարը, դա մեզ ձեռնտու չէ, ստեղծելու էին մի հարթակ, որը հատկապես ուկիարինական կողմի եւ ադրբեջանական կողմի տարածքային ամբողջականության ընդհանուր շահը առաջ մղելու հիմնական հարթակն էր դառնալու: Կարողացել ենք չեղարկել այդ գաղափարը»: Պատգամավորը վստահ չի, որ դեկտեմբերին դա օրակարգ չի բերվի, բայց այս պահին վտանգը չեզոքացվել է:

Նոյեմբերի 4-6-ը Գայանե Աբրահամյանը գործուղման է մեկնել Շվեդիա՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Այնտեղ ուշագրավ է, որ նախատեսված է եղել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթը, որին, ըստ օրակարգի, պետք է հաջորդեր հարցուպատասխան: Գայանե Աբրահամյանը, օգտվելով հնարավորությունից,  պատրաստված գնացել է, որ որոշ հարցեր հղի նրան, սակայն ավելի ուշ հարցեր տալու հնարավորությունը հանվել է:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Չեխիայում անցումային արդարադատության մասին երբ խոսում էիք, իրենք ի՞նչ խորհուրդ էին տալիս, չե՞նք ուշացել: Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Առաջին խորհուրդը, որ տալիս էին՝ չշտապելն է: Իրենց հիմնական խնդիրներից մեկը եղել է հնարավորինս արագ իրագործելը բոլոր գործընթացները, դա է եղել հասարակական պահանջը: Երբ ինքս ասացի, որ առանց այն էլ ուշանում ենք, մեկ տարի է անցել, իրենց հիմնական ասելիքն այն էր, որ շատ ավելի ճիշտ է դանդաղ անել, հնարավորինս օրենքները ճիշտ մշակել, փորձել ներառական գործընթաց սկսել, քան դա անել արագ ու սխալներով»: Չեխիայում լյուստրացիա էր իրականացվել, ինչը բերել էր հանրային համերաշխության փլուզման:

Տիկին Աբրահամյանը խոսեց նաեւ «ֆեյք նյուզի» մասին, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930