Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն, ինչ համարվում է նոր Հայաստան, համարում եմ՝ գոյություն չունի,  պատերազմ է հայտարարել այն ամեն դրականին, ինչ այս տարիներին ստեղծվել է». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 15,2019 15:40

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին  ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը նշեց, որ բոլորին այստեղ հավաքել է տագնապի հասցնող մտահոգությունը, որ մենք գտնվում ենք մեր պետության զարգացման ամենավտանգավոր փուլում:

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում ներկա իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել այդ հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետներում: Ներկայիս իշխանությունը կարգավորման հարցերը կամ բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էին 2018-ի մայիսին եղած վիճակով, այլ նոր կետից: Բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային մեկ հարց՝ շփման գծի երկայնքով միջոցառումներն էին: Ակնհայտ է, որ մեզ համար չափազանց ձեռնտու օրակարգ էր: Սա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգն է: Կարգավորման իմաստով կար մադրիդյան փաստաթուղթ, բայց այդ երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ինչպես նաեւ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի բացառում, որ կար այդ փաստաթղթում, էապես փոխել էր իրավիճակը, միջազգային հանրութան վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Ղարաբաղի հակամարտությունը որակապես տարանջատվել էր նախկին ԽՍՀՄ բոլոր հակամարտություններից: ՀՀ-ն և միջազգային հանրությունը մի տեսակետի էին, Ադրբեջանը՝ այլ»:

Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց՝ հիմա՝ նոր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, հակառակն է. հիմա միջազգային հանրությունը և Ադրբեջանը մի դիրքում են, ՀՀ-ն՝ մեկ այլ: Մինչդեռ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե Իլհամ Ալիևը նախկինում հայտարարում էր, թե ինքը ծանր ճնշման տակ է. միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Անդրադառնալով այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Այս իշխանություններն ընդհանրապես կարծես չեն ուզոմ խոսել ինքնորոշումից: Եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը: Այդ երեք սկզբունքները, որ ասացի, դրա մասին էլ չեն խոսում և ըստ էության մերժում են»:

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այս գործընթացը տանում է փակուղային վիճակի: Ըստ նրա, եթե այսպես շարունակվի, սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը մեզ համար անընդունելի է, եւ առավելագույնը, որ կարողանանք անել, վետո դնելն է. «Չեմ բացառում, որ առաջիկայում ԵԱՀԿ նախագահական գագաթաժողովում՝ Բրատիսլավայում, գուցե նման փորձ կատարվի»:

Անդրադառնալով «Նոր Հայաստանին»՝ Դավիթ Շահազարյանն ասաց. «Այն, ինչ համարվում է նոր Հայաստան, համարում եմ՝ գոյություն չունի,  պատերազմ է հայտարարել այն ամեն դրականին, ինչ այս տարիներին ստեղծվել է: Ի՞նչն է մերժում՝ հին Հայաստա՞նը: Դա այն Հայաստանն է, որ ապահովել է Արցախի անվտանգությունը, որ հաղթանակած է դուրս եկել թե՛ պատերազմում, թե՛ դիվանագիտության մեջ, այն Հայաստանը, որը պարտադրել է հակառակորդին զինադադար, որը 2016 թվականին ցույց տվեց համազգային աննախադեպ մի համախմբում, որի արդյունքում ապրիլյան քառօրյայում Հայաստանը ջախջախեց Ադրբեջանին, սա՞ են մերժում: Այս քաղաքականությունը, որ գործող իշխանությունները տանում են, բերում է ձախողված պետության կարգավիճակի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930