Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին

Նոյեմբեր 15,2019 15:41

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատվելի խմբակցություններ,

Ինչպես գիտեք արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ:

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, ով դեմ է ազգայինը առաջադիմականին արհեստականորեն հակադրող նախարարի և նրան աջակցող քաղաքական թիմի մոտեցումներին ու ազգային ինքնությանը հարվածող գործողություններին: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը նաև անվայել վարքագիծ է դրսևորում:

ԿԳՄՍ նախարարության բազմաթիվ գործողությունների և վարվող քաղաքականությանը դեմ են արտահայտվում մշակութային գործիչներ, գիտամանկավարժական կոլեկտիվներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, հեղինակություն ունեցող բազմաթիվ մարդիկ: Իշխանափոխությանը հաջորդած 1,5 տարվա ընթացքում այս ոլորտներում դրական փոփոխությունների փոխարեն ականատեսն ենք անձի արժանապատվությունը վիրավորող, ազգային միասնականությանն ու ինքնությանը, ավանդական արժեքներին հարվածող իշխանության ներկայացուցիչների վարքագծին:

Երիտասարդական շարժման կազմակերպիչների և հանրության լայն շրջանակների կողմից առաջադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը, որպես ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման` սահմանադրությամբ և օրենքով լիազորված պատասխանատուի:

Պետության խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանադրությամբ Ազգային ժողովին ու նրա առանձին մարմիններին վերապահվել է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն: Մասնավորապես, սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը: Նույն օրենքի համաձայն կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարվող քաղաքականությունն ու նախաձեռնված գործողություները չեն համապատասխանում վերը նշված, ինչպես նաև մի շարք օրենսդրական պահանջներին (այդ թվում՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ օրենսդրությանը):

Ելնելով վերը նշվածից, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կիրականացնեք սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930