Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողների խախտումների հիմնական մասը ինվոյսային արժեքներում տվայլների խեղաթյուրումն է

Նոյեմբեր 15,2019 15:19

Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչության կողմից իրականացվել է 67 ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մոտ 253 միլիոն դրամի խախտումներ: Այսօր այս մասին ասաց ՊԵԿ նույն վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ կոմիտեի կողմից ներկայումս իրականացվող գործողություններն ուղղված են ոչ թե հետեւանքների վերացմանը, այլ կանխարգելմանը, որը տեղի է ունենալու կարողությունների հզորացման ճանապարհով:

Թե տնտեսվարողները հիմնականում ի՞նչ խախտումներ են թույլ տալիս,Արմեն Սաֆարյանը պարզաբանում է՝ հիմնականում ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում են անում. «Որը տեղի է ունենում երկու տարբերակով՝ արժեքների նվազեցում կամ արժեքների բարձրացում: Նվազեցման դեպքում տնտեսվարողներն ավելի քիչ մաքսային վճարներ են վճարում՝ հետագայում նաեւ թաքցնելով իրենց իրացման շրջանառությունը: Իսկ ինվոյսային արժեքների բարձրացումով, եթե մաքսազերծման ժամանակ մաքսային վճարներ չեն պահանջվում կամ ավելացված արժեքի հարկ չկա, տվյալ ապրանքի ներմուծման ժամանակ փորձ է արվում ուշացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով»:

Ըստ վարչության պետի, մյուս խախտումն այն է, որ ավելի քիչ մաքսատուրք վճարելու նպատակով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում. «Եթե, օրինակ՝ տվյալ ապրանքատեսակի վրա կան ակցիզային հարկեր, այլ խմբերում տեղակայելով, փորձ է արվում դրանցից խուսափել»:
Պարոն Սաֆարյանն ասաց, որ իրավախախտման մեկ այլ տեսակ էլ ապրանքների քանակների թերհայտարարագրումն է, որը նույնպես միտված է քիչ հարկեր վճարելուն:

Համեմատելով նախորդ տարիների հետ՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ դեպքերն ավելի նվազել են. «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում հարկերից խուսափել, բայց այսօրվա մեր կարողությունները շատ ավելին են, քան՝ նախորդում, այն միջոցառումները որոնք այսօր իրականացնում ենք մեզ համար շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, եւ ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման ուղղությամբ»:

Վարչության պետն ասաց, որ խախտումներ արձանագրելուց հետո կազմում են արձանագրություն, վարչական ակտ, որը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին եւ գանձվում են գումարները:

ՊԵԿ պաշտոնյան նաեւ հայտնեց, որ համապատասխան միջոցառումներ են նախատեսված ՊԵԿ զարգացման 2020-2024 թվականների ծրագրով, որով հետբացթողումային վարչությունը վերլուծական կարողությունների ավելացմամբ հնարավորություն է ունենալու ավելի մանրամասն ուսումնասիրել այն բոլոր գործառույթները, որոնք որ իրականացվում են:

«Գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումը, որի միջոցով հնարավոր է լինելու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել եւ համեմատականներ անցկացնել համանման պայմաններում իրական ներմուծված, քանակների, գումարային եւ այլ ցուցանիշների հետ: Եվ վեր հանել այն ռիսկերը, որոնք առկա են: Երկրոդ ուղղությունը՝ տնտեսվարող սուբյեկտների վերլուծությունն է, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը: Դրանք դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի: Այն կազմակերպությունները, որոնք տարիների ընթացքում իրենց գործունեության ընթացքում չեն ունեցել խախտումներ, դրսեւորել են թափանցիկ վարքագիծ, այդ կազմակերպությունների նկատմամբ մոտեցումներն այլ են լինելու, քան այն կազմակերպությունների, որոնք գտնվելու են ռիսկային մասում, որոնց նկատմամբ ավելի մանրամասն եւ խիստ վարչարարություն է իրականացվելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930