«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հարցին՝ ովքե՞ր են ակումբին ֆինանսական աջակցություն տրամադրում, Վազգեն Մանուկյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Նա լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Շատ մասնակիցներ կան, որ իրենց սեփական միջոցներով օգնում են: Ոչ մի գրասենյակ չկա, միայն անհատական է»:
Հստակեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը, Միքայել Մինասյանը գումար փոխանցե՞լ են, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, իրենք գումար չեն փոխանցել: Վիկտոր Սողոմոնյանը մասնակցել է: Այն մարդիկ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում, իրենց ֆինանսական միջոցները տրամադրում են»:
Լրագրողները պնդեցին՝ ֆինանսավորողների ցանկը կհրապարակե՞ք, դա թափանցիկության սկզբունք է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Թափանցիկության սկզբունքը ո՞րն է: Սա ակումբ է, վճարումները կատարվում են պաշտոնապես: Գնացեք, բանկերից իմացեք»:
Անդրադառնալով Միքայել Մինասյանի կոչին մասնակցել ակումբի աշխատանքներին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իրեն քանի տարի է ոչ հանդիպել եմ, ոչ հեռախոսով խոսել: Հետևում եմ իր ասածներին ֆեյսբուքում և մամուլում»:
Կարդացեք նաև
Վազգեն Մանուկյանն ասաց, որ ԱԺՄ կուսակցության գործունեությանը նոր թափ է հաղորդելու. գարնանը համագումար կանեն, և դա կնշանակի, որ մտել է քաղաքականություն:
Այն կարծիքներին, թե ինքը կապված է նախկին իշխանությունների հետ, Վազգեն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Այսինքն՝ ապրե՞լ եմ այդ ժամանակաշրջանում: Ես հանդիպում ունեցել եմ միշտ և ունենալու եմ միշտ բոլորի հետ էլ: Մենք միասին պատերազմ ենք անցել: Ռոբերտ Քոչարյանը, որ դուրս եկավ, կարճ ժամանակ հանդիպեցինք, խոսեցինք, ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն է ուզում հանդիպել, ընդհանրապես մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ և վախենաք մոտենալ: Բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազում սխալներ: Բոլորի մեջ էլ կա սպիտակ ու սև դաշտ»:
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում իրեն Հանրային խորհրդում այս հարցերը բարձրացնել, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նախևառաջ ՀԽ գործառույթները և այն, ինչ անում ենք հիմա, մի քիչ իրարից տարբեր են: Այստեղ ավելի քաղաքականացված ենք այդ հարցերը ներկայացնում: ՀԽ-ն ունի առաքելություն, որ իրենք այդ հարցերը քննարկեն վարչապետի հետ և անեն առաջակություններ: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ մենք նման քննարկումներ անում էինք՝ փակ և սուր վեճեր էին լինում: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողվեց այդ ձևաչափով: Կարևորում եմ, որ երկրի ղեկավարն ունենա տեսլական, հստակ ձևակերպում՝ ինչ Հայաստան է ուզում կառուցել: Եթե Նիկոլ Փաշինյանը գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանը ներկա չէր, թեև նրա անունը նշված էր մասնակիցների մեջ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ այսօր առավոտյան է պարզ դարձել՝ նրա հրավիրատոմսը չի հասել. կզանգի, կիմանա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ