Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Մանվել Գրիգորյանի մասին, կաշկանդում են դատարանին. Լեւոն Բաղդասարյան

Նոյեմբեր 15,2019 14:47

«Մանվել Գրիգորյանի դեմ քրգործով նիստը նախագահող դատավորը, մեծ ջանքեր գործադրելով, պահպանում է իր առջև դրված խնդիրը՝ Գրիգորյանին կալանքի տակ պահելը: Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով արդարադատություն կոչվածն իսպառ բացակայում է»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կալանքի տակ գտնվող ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Պաշտպանն արդեն որերորդ անգամ ահազանգում է այս գործով անօրինականությունների մասին: Թեեւ իր պաշտպանյալը շատ երկար ժամանակ՝ առողջական վիճակից ելնելով, չէր կարողանում մասնակցել դատական նիստերին, պաշտպանը նկատում է, որ դատարանը, օգտվելով դրանից, քրգործի կարևոր մասերով որոշումներ էր կայացնում:

Վերջին նիստին Մանվել Գրիգորյանը մասնակցում էր: Ըստ Լեւոն Բաղդասարյանի՝ դրանից հետո երկու օր է պահանջվել, որպեսզի նրա վիճակը վերականգնվի, եւ դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ Մանվել Գրիգորյանը մասնակցել նոյեմբերի 19-ին նախատեսված նիստին:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտպանը դատաքննության հետագա ընթացքից, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց, որ նախ ՀՀ վարչապետը պարտավոր է բարձրաձայնել՝ անհրաժեշտ է այս գործով օբյեկտիվ քննություն գնա. «Գրիգորյանի գործով կաշկանդվածություն կա. վարչապետը ինչ հայտարարություն արել է, եղել է գործի քննության համար ոչ բարենպաստ: Այդ հայտարարությունները դատարաններին ու դատավորին կաշկանդել են»:

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի հունիսի 17-ին, խոսելով այս գործի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝  այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ոչ մեկը դա չի ժխտում, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված տարբեր մարզերի դպրոցականների` զինվորներին ուղարկված օգնությունը գողանալ և կերակրել սեփական կենդանիներին։

Հիշեցնենք, նաեւ, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930