Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով չէ, ասֆալտին փռելով չէ. Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 15,2019 12:55

«Հայաստանում վաղուց անհրաժեշտություն էր զգացվում ստեղծել մի հարթակ, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան իրար հետ հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել ՀՀ առաջ կանգնած հարցերը»,- «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը:

«Վերնատան» համաժողովին ներկա են տարբեր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ: ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը, Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից Հրանտ Մարգարյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, համաժողովին մասնակցում է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, աջակիցներից Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը և այլք:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ անցկացրել են մի քանի քննարկումներ՝ կապված Արցախի, անվտանգության, տնտեսական հարցերի, ներքին իրավիճակի հետ: Վազգեն Մանուկյանն ասաց, որ դեռ ակումբի ձևավորումն ընթացքի մեջ է, անդամության հարց դրված չէ, քանի որ սա ոչ թե իրենն է, ոչ թե քաղաքական մեկ ուժի է պատկանում, այլ հարթակը պատկանում է բոլորին:

Կրկին քննադատելով իշխանություններին՝ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին, պետությունը ժողովրդին վերադարձնելու և համերաշխության հարցերին:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Վազգեն Մանուկյանն ասաց. «Այն ելույթները, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ, այն ձգտումը, որոշ ասպարեզներում մի քիչ մեղմացրին կոռուպցիան, բայց դա կոռուպցիայի դեմ պայքար չէր: Հայտնի են ձևերը՝ ոնց պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: Դա հայտարարություններով չէ, ասֆալտին փռելով չէ: Կան օրենքներ մշակված, մշակույթ, որը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարելու ժամանակաշրջանում չի էլ կիրառվել»:

Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ պետությունն այդպես էլ չվերադարձավ ժողովրդին: Նա հայտարարեց. «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին. պետությունը հիմա միանձնյա է: Մի մարդ է որոշում բոլոր հարցերը՝ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն. դա՞ էինք մենք ուզում»:

Հիշեցնելով իշխող ուժի այն հայտարարությունները, թե շատ ձայն ենք ստացել, ուրեմն ժողովրդի անունից ենք խոսում, Վազգեն Մանուկյանն ասաց, որ մեզ պետք է իրական ժողովրդավարություն, որտեղ դատական, օրենսդիր, գործադիր իշխանությունները տարանջատված են:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այս ճանապարհով մենք գնում ենք դեպի անմակարդակ, ոչ ազգային բռնապետություն:

Համերաշխության մասին խոսելով՝ Վազգեն Մանուկյանը ցավով նշեց, որ երբեք Հայաստանն այսքան բզկտված չի տեսել. «Ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել: Սերունդների խզում է տեղի ունենում, դեն են շպրտվում այն կարևորագույնները, ինչին հասել է մեր ժողովուրդը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930