Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Այն տպավորությունն է ստեղծվում, որ ուզում են Արցախի հարցը մի կերպ լուծվի, որ մենք հանգիստ ապրենք

Նոյեմբեր 15,2019 12:57

Այսօր մենք քննարկման օրակարգում դրել ենք 3 հարց. Մեկն Արցախի հարցն է, մյուսը Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, և երրորդը՝ պետաիրավական հարցերն են: Կան իհարկե բազմաթիվ հարցեր որոնք նույնչափ կարևոր են, բայց մենք վերցրել ենք այս երեք հիմնահարցերը, դա չի նշանակում, որ քննարկումների ժամանակ մենք չենք անդրադառնա և տնտեսությանը, և կրթությանը, և մշակույթին, բայց հիմնական ուղղվածությունը սա է: Ես կցանկանայի մենք նախ հասկանայինք՝ մենք որտեղից սկսեցինք ու ուր հասանք:

Շարժվելը ես դիտարկում եմ մի փոքր ավելի վաղ ժամանակներից՝ 1965 թվականից, այս թվականից հայության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, սփյուռքում փախստականի կարգավիճակով գտնվող հայությունը կամաց-կամաց ուժ հավաքեց իր մեջ ու դարձավ ոչ թե փախստական այլ այդ երկրների քաղաքացի, ավանդական կուսակցությունները կրկին վեր բարձրացրին իրենց դրոշը, ժողովուրդը վերագտավ իր տեղն ու ազգայինի ձգտումը բոցկլտում էր սփյուռքում: Նույնը կատարվում էր նաև Հայաստանում։ Մեզ մոտ ավելացավ ինքնավստահությունը, մենք մեծ հաջողությունների հասանք Սովետական Հայաստանում, մենք ունեցանք հարյուրավոր գործարաններ, տասնյակ հազարավոր գիտնականներ, ինժեներներ, տարբեր բնագավառների աշխատողներ և մեր մեջ բոցկլտում էր այդ հպարտության ուժն ու ձգտումն ավելի մեծ էր: Մենք տեսնում էինք մեզ համաշխարհային ազգ՝ սփյուռք-Հայաստան իրար հետ միավորված, մենք ուզում էինք անկախ պետություն, մենք ուզում էինք պետություն, որտեղ մարդիկ կարողանում են ազատ ապրել, ազատության ու ազգայինի ձգտում կար, և այն պոռթկաց 1988 թվականին, եթե չլիներ 1965 թվականից կուտակված լիցքը, չէր լինի նաև 88 թվականը: 1988 թվականին մենք մեր առջև խնդիրներ դրեցինք՝ ազատագրել Արցախը, Հայաստանում ձեռք բերել անկախություն, կառուցել պետություն, որը ժամանակակից կլինի և կապահովի իր քաղաքացիների ազատությունը:

1988թ. շարժումը բերեց աննախադեպ մեծ արդյունքների: Ինքը շարժումը փոխեց Հայաստանը, Հայաստանի կյանքը, փոխեց Խորհրդային միության պատմությունը, ազդեց համաշխարհային պատմության վրա: Մենք իսկապես ազատագրեցինք Արցախը, մենք իսկապես ձեռք բերեցինք անկախություն, մենք հերոսական պայքարում հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմը, մենք հիմքերը դրեցինք ազատ տնտեսության ու ժողովրդավարության: Հետո սկսվեց շեղումը, փոքր շեղում, որը հետո դարձավ մեծ: Մեծ շեղումը 1995- 1996 թվականներին տեղի ունեցած ընտրություններն էին, այդ շեղումը շարունակվեց բոլոր իշխանությունների օրոք, և այդ շեղումը մի շատ վտանգավոր միտք առաջացրեց ժողովրդի մոտ, որ այս պետությունը մերը չէ, որ այս պետությունը պատկանում է մարդկանց ինչ-որ խմբի, որոնք իշխում են և հարստանում։ Սակայն այդ ընթացքում, միևնույն է, մեր պետությունը արագորեն զարգանում էր, անգամներով զարգանում էր համախառն ներքին արդյունքը, ստեղծվում էին պետական կառույցներ, մենք շատ օրենքներ ադապտացնում էինք արևմտյան պետությունների հետ , բայց ժողովրդի մոտ բոցկլտում էին այն միտքը, որ պետությունը մերը չէ, և երբ 2018 թվականին պոռթկաց այդ շարժումը, նպատակները 3-ն էին:

Պետությունը վերադարձնել ժողովրդին, ապահովել արդարություն, ապահովել օրինականություն և ազնվություն, և 3-րդը շատ կարևոր էր համերաշխության ապահովումն էր, մենք եթե ինչ-որ դրական արդյունքի հասել ենք, հասել ենք մեր համերաշխության շնորհիվ: Եվ հիմա ժամանակն է տեսնել՝ այդ երեք նպատակներին կարողացա՞վ հասնել մեր ժողովուրդը, թե ոչ։ Ազնվության հարցում այն ելույթները, որ ուղղված էին կոռուպցիայի դեմ, այդ ձգտումը որոշ ասպարեզներում փոքրացրեց կոռուպցիան, բայց դա կոռուպցիայի դեմ պայքար չէր: Բոլոր պետություններն իրենց ստեղծման օրից անընդհատ պայքարում են կոռուպցիայի դեմ, և հայտնի են ձևերը, թե ոնց պետք է պայքարել, դրանք հայտարարություններով չէ, ասֆալտին փռելով չէ, դրա համար կան օրենքներ, կա մշակված մշակույթ, որոնք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի այս շրջանում չեն կիրառվել, ու կոռուպցիայի դեմ պայքարում մենք առաջ չենք գնացել: Նախկին կոռուպցիոներների դեմ պայքարի առիթը օգտագործվեց, որ մտնեն ամբողջ անցյալը ջնջեն։

Նախկինում իսկապես եղել են խոշոր կոռուպցիաներ, եղել են հանցագործություններ, մի 5-6 հոգի մարդ կար, որոնց կարելի էր օրենքով պատժել, գիծ դնել գնալ առաջ, անընդհատ հետ գնալով մենք ոչնչի չենք հասնի: Մյուս նպատակը՝ վերադարձնել պետությունը ժողովրդին, նույնպես չկատարվեց:

Պետությունը հիմա միանձնյա է կառավարվում, մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը՝ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն. Դ՞ա էինք մենք ուզում: Ասում են, քանի որ շատ ձայն ենք ստացել, հետևաբար ժողովրդի անունից են խոսում, ոչ, մեզ այսօր պետք է իսկական ժողովրդական պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, օրենսդիր ու գործադիր իշխանությունները: Ժողովրդի բնական ցանկությունների հետ խաղալով կարելի է այս ամենը շարունակել, բայց այս խաղն ապագա չունի: Եթե հիմա ծայրահեղացնեմ, ապա կարող եմ ասել, որ այս ճանապարհը տանում է անմակարդակ, ոչ ազգային բռնապետություն: Բայց դա չի ստացվի, քանի որ մենք հիմա ունենք լուրջ պետական կառույցներ, ազատ մամուլ, քաղաքացիներ, որոնք անցել են լուրջ ճանապարհ: Իսկ ինչ վերաբերում է համերաշխությանը․ երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել: Ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել: Ժամանակների ու սերունդներ խզում է տեղի ունենում: Դեն է շպրտվում այն ամենն, ինչին հասել ենք բոլորս միասին։ Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախում: Բավական բարդ հարաբերություններ են Արցախի և Հայաստանի ղեկավարներ միջև։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ ուզում են Արցախի հարցը մի կերպ լուծվի, որ մենք հանգիստ ապրենք:

Այն հայտարարությունը, որ լուծումը պետք է գոհացնի և Արցախին, և Հայաստանին, և Ադրբեջանին, դա առաջին անգամ Գորբաչով էր հայտարարեց, հետո Լավրովն էր պաշտպանել այդ տեսակետը, բայց հետո հասկացան, որ այդտեղ չի թաքնված հարցը:

Այս հարցում մենք ու Արցախի ժողովուրդը պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ու պրագմատիկ քայլերով հասնենք դրան՝ հաշվի առնելով աշխարհը, հաշվի առնելով մեր ուժերը, հաշվի առնելով, թե ովքեր են մեր հարևանները, նամանավանդ, որ աշխարհը մեծ արագությամբ փոխվում է։ Խնդիրները լուծելու համար պետք է համախմբվել որոշակի գաղափարների հիմքի վրա: Այս ակումբի հետագա գործունեությունը նպաստելու է համախմբվելուն, համախմբվել որոշակի գաղափարների, պարզ սկզբունքների շուրջ, որ էլ ոչ ոք չկարողանա մեր ժողովրդին խաբել, որ պետությունն իսկապես պատկանի մեր ժողովրդին և կանգնենք մեր ազգային հենքի վրա, գնանք առաջ, քանի որ մենք իսկապես համաշխարհային ազգ ենք բոլոր առումներով։

vazgenmanukyan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930