ՀՀ կառավարությանը կարծես թե ի վերջո գտել է Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված խնդրի լուծումը։ Երեկ կառավարությունը քննարկեց եւ հավանություն տվեց ամիսներ առաջ աղմուկ հանած՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին։
Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնյայի դրույքաչափի ու հավելավճարի չափով։ Այսինքն ՝ ՍԴ դատավորները հրաժարականից հետո կստանան կենսաթոշակ՝ իրենց աշխատավարձի չափով՝ մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ ըստ նախագծի՝ այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները։
Կարդացեք նաև
«Այսօր ներկայացվող նախագծերով ներդրվում է վաղ կենսաթոշակի սխեման։ Հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ բարձր կոռուպցիայի մակարդակ է եղել եւ այդ կոռուպցիան իր ազդեցությունն է ունեցել նաեւ դատական մարմինների ձեւավորման վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների եւ այլ իրավապահ մարմինների բարեվարքությունը։ Եվ վաղ կենսաթոշակի ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,- ասաց Բադասյանը։
Նիկոլայ ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում