Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Բեդոյանի և իր հոր սպանության մասին:
Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD), «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում»: