Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր անձնական վարկանիշն այնքան մեծ է, որ եթե ասեք՝ ծխելը թարգեք՝ կթարգեն». Նիկոլ Փաշինյանին հորդորեցին պարտատոմս գնել

Նոյեմբեր 14,2019 20:03

«Ձեր անձնական վարկանիշն այնքան մեծ է, որ եթե ասեք՝ ծխելը թարգեք՝ կթարգեն: Առաջարկում եմ՝ պարտատոմս ձեռք բերեք, ուղիղ եթերում ցույց տանք, թե դա ինչքան հեշտ է, հավատացած եմ, որ որոշակի ակտիվություն կունենանք»,- այսօր Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց պալատի ներկայացուցիչներից Կարեն Զաքարյանը: Ապա նա սկսեց գովել Նիկոլ Փաշինյանին, որն իր խոսքում հանգամանալից անդրադարձել էր ֆինանսական շուկային, բայց հավելելով՝ կառավարության քայլերը դանդաղում են եւ հետ են ընկնում վարչապետի խոսքերից:

Կարեն Զաքարյանը նաեւ դժգոհեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել «Իմ քայլի» պատգամավորների նախագծին՝ բրոկերային գործունեությունն ԱԱՀ-ից ազատելու մասին: Չնայած դրան, գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, ապա նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Վարչապետը կես կատակ նկատեց՝ իներցիան մեծ ուժ է եւ կառավարությունը իներցիայի ուժով է բացասական եզրակացություն տվել այս նախագծին: Բայց տեղեկացրեց, որ եկող շաբաթ կառավարությունում խորհրդակցություն է նշանակված այդ հարցով: Վարչապետը մտածում է, որ կառավարությունում մի գաղտնի սենյակ կա, որտեղ իր բնորոշմամբ, մի պապիկ է նստած՝ կնիքը ձեռքին եւ հերթով մերժելով գնում է ամեն առաջարկ:

Հիշեցնենք, վերջերս իներցիայի ուժով էլ վարչապետը գաղտնի հրաման էր ստորագրել՝ նախարարների, փոխնախարարների, մարզպետների, տեսչական մարմինների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մասին:

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը հիշեց ու հիշեցրեց՝ ինքը ռեֆորմիստ է, բայց կողմ է ռեֆորմները բազմակողմանի քննել-քննարկելուն, կշռադատելուն, որպեսզի դրանք չտապալվեն այն պատճառով, որ հասարակությունում ընկալում չեն գտնում:

Պարտատոմս գնելու առաջարկը Նիկոլ Փաշինյանն անտեսեց: Միայն բացատրեց, թե պարտատոմսի ձեռքբերումը որքան արդյունավետ կարող է լինել. «Մարդ կա, ունի գումար, բայց բիզնեսմեն չի, չի էլ ուզում բիզնեսով զբաղվել կամ այդ գումարն այդքան էլ շատ չի, որ բիզնես անի: Արժեթղթերի շուկայի զարգացումը նրանով է լավ նաեւ, որ մարդը կարող է իր սիրած գործից չկտրվելով՝ գումարներ գեներացնել: Նման ինստիտուտների ներդրումը շատ բարդ է, բայց անելու ենք՝ առանց շտապելու»:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ Հայաստանում այնպիսի միջավայր պետք է ստեղծեն, որ հարստանալը ՀՀ-ում վատ բան չդիտվի, մանավանդ, որ կա գործարարների այն խավը, որը պատրաստ է օրինական կերպով հարստանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930