Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկայական դրամական միջոցների ծախսման ֆոնին ունենք համատարած և անվերահսկելի անգրագիտություն

Նոյեմբեր 14,2019 18:50

Պետական կառույցների և դրանց հավասարեցված հանրային նշանակության կազմակերպությունների գործունեությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Սա ամրագրված է հայրենական օրենսդրությունում: Պարզ է, որ գործունեության պիտանելիությունը, անհրաժեշտությունն ու չափավորությունը կազմակերպությունները պետք է կիրառվեն նաև քաղաքացիների հետ շփման ժամանակ: Մեծ հաշվով, վարչական մարմինները և հանրային նշանակության կազմակերպությունները քաղաքացիների հետ են շփվում, երբ վերջիններս դրանցից որևէ իրավունք են հայցում, կամ էլ անհրաժեշտություն է առաջացել սահմանափակել քաղաքացու որևէ իրավունք: Հենց այստեղ է, որ առավել կարևորվում է տվյալ կազմակերպության վարչարարության պիտանելիությունը, անհրաժեշտությունն ու չափավորությունը:

Պատկերացնենք, որ վարորդին կանգնեցրել է ՃՈ տեսուչը և իրավախախտում արձանագրել, ըստ որի վարորդն երթևեկել է ամրագոտիով չամրակապված: Վարորդը համաձայն չէ ՃՈ տեսուչի՝ իր չամրակապված լինելու տեսակետի հետ և ապացույցներ պահանջում: ՃՈ տեսուչը չունենալով որևէ ապացույց, այնուամենայնիվ իրավախախտում է արձանագրում: Վարորդն էլ հետևողական է լինում, հայցադիմում է ներկայացնում դատարան և հաղթում: Ընդ որում, դատարանն իր եզրակացության մեջ նշում է, որ ՃՈ տեսուչը չի ներկայացրել իրավախախտման վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց: Ստացվեց, որ ՃՈ տեսուչի գործողությունների մեջ ի սկզբանե չի եղել պիտանելիություն, էլ չեմ խոսում անհրաժեշտության և չափավորության մասին:

Այժմ պատկերացնենք, որ ակնհայտ, փաստացի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ՝ հաշմանդամության փաստը դե-յուրե ճանաչելու հայցով: ԲՍՓԳ-ի բժիշկները քաղաքացուն անհայտ պատճառներով չեն ճանաչում վերջինիս անհայտ, փաստացի հաշմանդամությունը: Քաղաքացին դիմում է դատարան և հաղթում: Ընդ որում, դատարանն արձանագրում է, որ ԲՍՓԳ-ն ի սկզբանե պետք է կայացներ այլ որոշում, քանզի քաղաքացու հաշմանդամությունն ակնհայտ է: Այս դեպքում կրկին ունեցանք վարչական մարմնի աշխատանքի անպիտանելիության փաստ:

Օրինակների այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Սակայն խնդիրն այլ է: Մենք՝ հարկատուներս հսկայական գումարներ ենք տրամադրում մեր դեմ իրականացվող ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր գործողությունների համար: Այսինքն, մեզանից պահվող հարկերով պետությունը մեր իսկ դեմ իրականացնում է ոչ իրավաչափ գործողություններ, որոնք հետագայում մեր իսկ ջանքերի, նյարդերի և անձնական գումարների հաշվին չեղարկվում են դատարաններում: Նկատենք, որ խոսքը գնում է բացահայտ, ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունների մասին: Բերված օրինակներում ՃՈ տեսուչն ի սկզբանե գիտեր, որ տեխնիկապես և օրենքով անհնար է ամրագոտիով չամրակապված վարորդի վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, սակայն նա, այնուամենայնիվ, արձանագրում է իր կողմից անապացուցելի իրավախախտումը (ՎԴ/7074/05/19) : Մյուս դեպքում, վարչական մարմնի համար ակնհայտ է քաղաքացու հաշմանդամությունը, սակայն անհայտ պատճառներով հաշմանդամությունը չի ճանաչվում (ՎԴ/1174/05/16):

Նույնը ՝ հանրային նշանակության կազմակերպություններում: Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, կազմակերպությունները պարտավոր են պատասխանել հարցումներին: Սակայն, օրինակ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն նախընտրում է չպատասխանել հարցմանը և տուգանք վճարել (ՎԴ/1991/05/18): Նույնը ԵՊՀ-ի պարագայում (ՎԴ/9278/05/19): Կամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արմենիա» հեռուստատեսության աշխատակիցները չգիտեին, որ Արծվաշենը՝ ՀՀ անբաժանելի մասն է և ՀՀ տարածքը ներկայացնում էին առանց Արծվաշենի: Բոլորս գիտենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ ՀՀ իրավաբանների ամենալուրջ դարբնոցն է, սակայն նույն ԵՊՀ-ի անունից դատարաններին է հասցեագրվում իրավաչափության տեսանկյունից տարօրինակ գրություններ, որոնք ըստ դատավորների, օրենքի հետ չունեն որևէ աղերս (ԵԴ/28991/02/19, ԵԴ/29767/02/19):

Ամփոփելով, նշեմ, որ նկարագրածս իրավիճակը համակարգային է և վերաբերվում է գրեթե բոլոր ոլորտներին: Այսինքն, մեր կյանքի բոլոր ոլորտներում, մեր հարկերի հաշվին, մեր դեմ գործում են հսկայական կառույցներ, որոնք պարտավոր են գործել պիտանի, անհրաժեշտ և չափավոր, սակայն հաճախակի չեն գործում այդօրինակ չևափափով և, ամենակարևորը չեն պատժվում՝ շատ անգամ մեզ հասցնելով կրկնակի վնաս: Պարադոքսն այն է, որ այս ամենի մեղավորը մենք ենք՝ ՀՀ հարկատուներս: Մեզանից ոմանք ՃՈ տեսուչի անհիմն որոշումը բողոքարկելու ժամանակ չունի, ոմանք իրենց հաշմանդամությունը ճանաչելու այլ եղանակներ են փնտրում: Մեզանից շատերը չգիտեն մեր Հայրենիքի քարտեզն ու սահմանները, մյուսներն էլ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում սովորում են միայն վերջինիս ունեցած համբավի համար: Արդյունքում, հսկայական դրամական միջոցների ծախսման ֆոնին ունենում ենք համատարած և անվերահսկելի անգրագիտություն: Հավատացած եմ, որ նկարագրածս խնդիրը մեզանից բացի որևէ մեկը պարտավոր չէ լուծելու:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930