«Ես ուզում եմ մի մեղք խոստովանել՝ իմ սեփական: Ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջությամբ հասկանում եմ կամ հավանում եմ, օրինակ, Փարաջանովի «Նռան գույնը»,-այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն լրագրողների հետ զրույցում հարցին՝ Մելինե Դալուզյանի ֆիլմը շատ քննարկվեց, քաղաքական ուղղորդում կա՞, թե՞ իսկապես հասարակությունը դժգոհ է՝ այսպիսի պատասխան տվեց: Նա ասաց, որ արվեստում տարբեր բաներ կարող ենք հավանել, չհավանել, հասկանալ կամ չհասկանալ: Բայց եթե ինքը «Նռան գույնը» չի հավանում, չի խանգարում իրեն կիսել այլոց գնահատականը, որ դա բարձր արվեստի փառահեղ դրսեւորում է, որը համաշխարհային արվեստի շտեմարանում մեծ ներդրում ունի:
Նա ասաց, որ չգիտի՝ Մելի ֆիլմը կհավանի, թե չի հավանի, բայց ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին՝ լավ ու վատ հերոսների մասին, դրանք բոլորը կարող են գոյություն ունենալ: Դիտարկմանը, որ ֆիլմում նա որպես հերոս է ներկայացվում, բայց դոպինգի համար բռնել են՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր մարզիկները, ովքեր դոպինգի օգնությամբ են կարողացել ինչ-որ արդյունքի հասնել, վատ գործեն արել սպորտի փիլիսոփայության առումով: Բայց վարչապետը խոսեց կոնկրետ մարդկային ողբերգության մասին, ճնշման մասին, սա մի պրոբլեմ չի՞, որի մասին արժի հասարակական դիսկուրս լինել»: Հարցին՝ 20 մլն հատկացնել դրա համա՞ր՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ինչու չէ, կարելի է 20 մլն հատկացնել, որ մարդիկ մի պահ կանգնեն, իրենց կենցաղից կտրվեն, մի հայացք գցեն, հետո էլի գնան իրենց գործերով»:
Դատախազությունն ուսումնասիրում է Արարատ Միրզոյանի պաշտոնավարման լեգիտիմության հարցը: Մասնավորապես, այն հարցը, որ Արարատ Միրզոյանը միաժամանակ ե՛ւ առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել, ե՛ւ ԱԺ նախագահի՝ դրա իրավունքը չունենալով: Այս մասին հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես հիշում եմ, որ միայն գնում էի կառավարության աշխատասենյակ եւ աշխատավարձ ստանում էի առաջին փոխվարչապետ աշխատելու համար: Կարծում եմ, իրավապահներից պիտի հարցնեք, ինձ իրավաբանները հավատացրել են, որ այդտեղ որեւէ իրավական խնդիր չի առաջանում»:
Հարցին՝ երբ պատգամավոր եք դարձել, առաջին փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու դիմում գրե՞լ եք եւ դա ուղարկվե՞լ է նախագահի աշխատակազմ, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Գիտեք, շատ իրավաբանական հարց է, գուցե իրավաբանների հետ խոսեք: Ինձ վստահեցրել են, որ որեւէ խնդիր չկա»: Նա ասաց, որ դատախազությունից իր հետ այդ հարցով դեռ չեն կապվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ