Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ չգիտի իր քաղաքապետության տարիներին ինչպիսի վախի մթնոլորտ էր Գյումրիում». Արարատ Միրզոյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Նոյեմբեր 14,2019 18:04

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսել էր քրեական ենթամշակույթը կրող անձանց ու խմբավորումների մասին օրենքի նախագծի շուրջ քննադատություններից ու հայտարարել էր, որ նախագծի հարակից զեկուցողին սպառնացել են: Պարզվեց, որ խոսքը վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին լրագրողները հարցրին՝ դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը ու ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ով է կանգնած սպառնալիքների հետեւում: Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են, եւ այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց այդ մասին  բարձրաձայնել ԱԺ ամբիոնից իր կողմից: Եթե վարչապետը  անհրաժեշտ համարեց դա անել, վստահ եմ, որ դրա կարիքը կար: Օրեր առաջ այդպիսի սպառնալիքներ եղել են, կրկնում եմ, չգիտեմ ում կողմից: Եթե այդպիսի միջնորդավորված սպառնալիքների ամբողջական շղթան նայենք, ես չեմ կարող ասել, թե ով է վերջնարդյունքում կանգնած դրա հետեւում: Այն, ինչ խոսում ենք, ենթադրություն է: Մենք այս մասին իրավապահներին տեղեկացրել ենք»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ եւ փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որն իրենց քաղաքական ուժը կարող է անել:

Լրագրողները խնդրեցին մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ են սպառնացել: Միրզոյանը պատասխանեց. «Զանգահարել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, որովհետեւ կլինի այնինչ բանը: Սա սպառնալիք է: Ես չգիտեմ որեւէ անուն-ազգանուն, որը կանգնած է այս սպառնալիքների հետեւում»:

Լրագրողները փոխանցեցին՝ Վարդան Ղուկասյանն ասել է, որ ինքը նախ ասֆալտին պառկելուց չի վախենում, հետո Գյումրին թալանել է ոչ թե ինքը, այլ՝ ՀՀՇ-ն, որի ակունքներից գալիս է Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ո՞վ չգիտի իր քաղաքապետության տարիներին ինչպիսի վախի մթնոլորտ էր Գյումրիում: Ես սա լսել եմ իմ գյումրեցի ընկերներից բազմաթիվ անգամներ: Եթե խոսենք սպառնալիքների մասին, կոնկրետ գործողությունների մասին, ես ինքս հիմա չեմ մտաբերում կոնկրետ բաներ: Եթե հարցնենք մարդկանց, ովքեր այնտեղ են ապրում, կոնկրետ բաներ կասվեն: Կար պետական, հանրային միջոցների վատնման, շորթման, իշխանությունը սեփական անձի եւ մերձավոր շրջապատի շահերին ծառայեցնելու ողջ պատկերը»:

Դիտարկմանը, որ Վարդան Ղուկասյանն այսօր ԱԺ պատգամավոր է, եթե այդքան բան է արել, պիտի այլ տեղում լիներ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դուք դա ասում եք այն մտայնությամբ, որ մենք պիտի արգելեի՞նք ինչ-որ մեկին լինել ԱԺ պատգամավոր: Ոչ, մենք մեզ այդ իրավունքը չենք վերապահել»:

Եթե թալանել է, ինչո՞ւ քրեական գործ չկա՝ հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Խնդրեմ, ունեք իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների հեռախոսահամարներ, ձեր հարցն ինձ չի ուղղված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930