Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը գտել է այն հոդվածը, որով կարող է ձայնի իրավունքից զրկել պատգամավորներին, օրինակ, Գեւորգ Պետրոսյանին

Նոյեմբեր 14,2019 17:47

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը օրերս ԱԺ նիստի ժամանակ շատ կոշտ արձագանքեց, երբ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց՝ «Հիմա ով որ «դեմ» քվեարկի, կուզենա՞, որ իր ընտանիքում նման երեւույթ լինի»: Հիշեցնենք, որ քննարկվում էր սեռափոխված անձանց ու միասեռականներին երեխա որդեգրելն արգելելու մասին Պետրոսյանի նախագիծը: Արարատ Միրզոյանը բարկացավ. «Ի՞նչ է նշանակում՝ դուք կուզենա՞ք… մի հատ էլ քֆուր տվեք քվեարկելուց առաջ: Ձեր ձեւն արդեն չափ ու սահման չունի: Այս հարցը պետք է կարգավորվի, մի հատ գտեք ինձ տվեք հա այն հոդվածը, որը ձայնից զրկելուն է վերաբերում»:

Այսօր պարզվեց, որ ԱԺ նախագահի համար գտել եւ տվել են այն հոդվածը, որով պատգամավորին կարող են զրկել ձայնից: Լրագրողների հետ զրույցում Միրզոյանն ասաց. «Որեւէ քննարկում այդ մասին չեմ ունեցել ոչ Գեւորգ Պետրոսյանի, ոչ ԲՀԿ այլ ներկայացուցչի հետ այդ միջադեպից հետո: Ես ուզեցի տեսնել այդ հոդվածը եւս մեկ անգամ, ուղղակի չէի հիշում հոդվածի թիվը եւ կոնկրետ կետը: Հետո որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետեւ ուզեցի նորից ու նորից մարդկանց հնարավորություն տալ մնալ քննարկումների կանոններում, էթիկայի, ընդունված նորմերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այդպես էլ կլինի, եթե չլինի, էդ օրենքը կա, նորմը կա: Բոլոր նրանց, ում հետաքրքրում է, կարող եմ առաջարկել բացել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը ընթերցել»:

Մեր հարցին՝ պատգամավորներ կան, որոնք հենց ԱԺ շենքում սեքսիստական հայտարարություններ են անում, հայտարարում են, որ կնոջ անունը պետք է դնել 18 տարեկանում, չկա՞ որեւէ գործիք, թեկուզ ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործիքը, որ բոլոր այն  դեպքերում, երբ պատգամավորն իրեն այսպես է դրսեւորում կամ, այսպես ասած, «գողական պանյատներով» են առաջնորդվում, քրեական հեղինակությունների են սատարում, այդ պատգամավորներին կարգի հրավիրեն, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կան գործիքներ, ե՛ւ ձեր մատնանշած Էթիկայի հանձնաժողովը, ե՛ւ նիստը նախագահողի կողմից հոդվածի կիրառումը, բայց ամենամեծ կարգավորիչ գործիքը հասարակական պարսավանքը պետք է լինի եւ հանրային կարծիքի ճնշումը: Մի հատ մոռանանք՝ հեղափոխություն, «Իմ քայլ», էս ամեն ինչը մոռանանք, մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում կառուցել, ուզում ենք մնալ գողականությա՞ն, գողական «պանյատների»  մե՞ջ, ի՞նչ էր ասում՝ կատու պահեք, կատու մի պահեք, կնոջ անունը պետք է դնել 18-ում, ինչ-որ անհեթեթ բաների շրջափուլ ենք մտել, որտեղ մեզ բոլորիս փորձում են անընդհատ ներքաշել անհեթեթ էս խոսակցությունների մեջ: Ինձ թվում է՝ մենք պիտի շատ կտրուկ մերժենք էս դիսկուրսը եւ բոլորին ցույց տանք, որ մեզ էդ դաշտ պետք չի ներքաշել: Մենք՝ որպես հանրություն, պետք է շատ կտրուկ ու վճռական մերժենք էս խնդիրը»:

Դիտարկմանը, որ ձեր շարքերում էլ կան այդպիսի մտածելակերպ ունեցողներ՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե դա ասելով՝ նկատի ունեք ավելի պահպանողական մտածելակերպի տեր մարդկանց, ապա բոլոր տեղերում կան, մեր շարքերում կան, իմ ընտանիքում կան: Իսկ ո՞վ ասեց, որ ես ավադապահ կամ պահպանողական չեմ բազմաթիվ հարցերում»:

Արարատ Միրզոյանը խոսեց ավանդույթներից, ասելով, որ պետք է հասկանալ, թե այդ ավանդույթներից որն է իրեն սպառել, որն է իսկապես հայկական, որն է, որ մեր կենցաղ մտել է իսլամանական որեւէ ազգի տիրապետության պատճառով, որն է, որ հայկական է, որն է, որ մոնղոլական է. «Կնոջ դերի ցածրացումը ամենեւին հայկական չէ, կնոջ նվաստացումը կամ կնոջ նկատմամբ բռնության իրավունք հասկացությունը: Սա ներմուծված է դրսից, հայկականի հետ կապ չունի, բայց կա այդպիսի ավանդույթ, մի հատ մարզերը նայեք: Ավանդույթը ի վերջո կրակի փոխանցումն է, ոչ թե մոխիրի  փոխանցումը: Մի հատ հասկանանք՝ էդ ավանդույթներից ինչն է լավ, ինչն է վատ, որն է, որ պիտի շարունակենք: Ի վերջո, եթե ոչինչ չփոխվեր մարդկությունում, մենք բոլորս կշարունակեինք քարանձավում ապրել, հում միս ուտել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930