Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Սարգսյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ այդպիսին ծնվել եմ»

Նոյեմբեր 14,2019 23:00

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո հյուրընկալված նկարչուհի Գոհար Սարգսյանը սիրով է հիշում իր մանկությունը, որն անցկացրել է կոլորիտային Գյումրիում՝ արվեստագետների ընտանիքում:

«Գյումրիում էինք ապրում մինչեւ երկրաշարժը…Մանկությունս լիքն է եղել, եւ ամենավառ հիշողություններս կապված են հենց մանկությանս հետ..Մայրիկս աշխատում էր տիկնիկային թատրոնում: Մենք մանկապարտեզ չէինք այցելում, ու նա մեզ ամեն օր տանում էր տիկնիկային թատրոն: Ահավոր տպավորիչ էր, երբ իրենք ծնողներով փորձում էին, իսկ մենք երեխաներով մեզ համար հետաքրքիր արկածներ էինք փնտրում: Ամեն անգամ հայտնվում էինք թատրոնի նկուղում, որտեղ մեծ խողովակներ կային, ջեռուցման համակարգը, շատ մութ էր, հին տիկնիկներ կային սարդոստայնների մեջ…Մենք մեզ համար խաղեր էինք հորինում: Ստացվում էր, որ վերեւում ուրիշ ներկայացում էր գնում, ներքեւում՝ մեկ այլ…Կարծում եմ՝ նման հնարավորություն շատ քիչ երեխաների է տրված…Այս ամենը շատ մեծ անդրադարձ է ունեցել իմ երեւակայության վրա, որն անչափ կարեւոր է ցանկացած արվեստագետի համար»,-ասում է Գոհարը:

Մեր զրուցակցին հարցրինք` իր կարծիքով արվեստի հանդեպ հակումը գենետիկորե՞ն է փոխանցվում, հաշվի առնելով այն, որ հայրը ճանաչված նկարիչ Արարատ Սարգսյանն է եւ եղբայրն էլ նույնքան ճանաչված նկարիչ Արշակ Սարգսյանը, դուստրը` Անին էլ արվեստից հեռու չէ, սովորում է աշխարհի լավագույն բուհերից մեկում:

Գոհար Սարգսյանն ասում է՝ իր դեպքում միջավայրը մեծ նշանակություն է ունեցել նախասիրությունների ու հակումների առումով, ու ինքը միշտ իրեն հարց է տվել, եթե ուրիշ ընտանիքում ծնված լիներ, ի՞նչ մասնագիտություն կընտրեր:

«Շատ նկարիչներ կան, որոնց պարագայում գենետիկայի մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է ինձ, աչքս բացել եմ ու հայրիկիս տեսել եմ նկարելիս: Գյումրիում հայրիկի արվեստանոցը հենց մեր բակում էր…Առավոտյան արթնանում էի, ինձ գիշերանոցով կանչում էր արվեստանոց, ասում էր՝ արի խելոք նստիր, չխոսես ու ինձ նկարում էր…Ես այնքան էի սիրում մեր այդ շփումը, ու հենց տեսնում էր շատ եմ լրջացել, սկսում էր հումորներ անել…

Մայրիկս էլ շատ մեծ ազդեցություն է ունեցել երեւակայությանս զարգացման վրա…Նա ամեն օր քնելուց առաջ ձայնապնակ էր միացնում, պատմում էր մի երաժշտի մասին, նրանից որեւէ երաժշտություն էր միացնում ու գնում էր…Հետո քո երեւակայությունը սկսում էր աշխատել, դու մտածում էիր այդ երաժշտի մասին»,-հիշում է մեր զրուցակիցը:

Գոհար Սարգսյանը դստերը` Անիին էլ անդրադարձավ. «Անին ֆեշըն մենեջմենթն է ընտրել, սովորում է…Մեծ հույսեր ունենք իր հետ կապված, ինքն էլ բավականին աշխատասեր է, շատ է սիրում խորհրդակցել պապիկների` Արարատ Սարգսյանի ու Հարություն Խաչատրյանի հետ, անընդհատ զանգում է, ժամերով խոսում է: Ես շատ սիրում եմ իրենց այդ կապը»:

Նկարչուհին նշում է, որ տարիներ առաջ, երբ հայրը երեկոյան արվեստանոցից տուն էր գալիս, իրենց հետ հետաքրքիր զրույցներ էր ունենում. «Օրինակ, մի անգամ մահից խոսեց, ասաց, ի՞նչ բան է մահը, որ ձեր տարիքում երեխաներն այդքան վախենում են…Ու սկսեց հետաքրքիր մեկնաբանություններ անել: Հիշում եմ, որ այդ օրվանից ես այլեւս չեմ վախենում մահից…Ինքը շատ էր հետաքրքիր բաներ մտածում: Օրինակ, մոմի լույսի տակ խնձորով ցույց էր տալիս, թե երկիրը ոնց է պտտվում իր առանցքի շուրջը, խոսում էր մոլորակներից…Ես հայրիկիցս սովորել եմ չվախենալ: Ինքը մեզ համար տղամարդու ուժեղ կերպար է, մեզ ազատություն է տվել ու շատ վստահել է…Ինքը մեզ տվել է մտածել կարողանալու, արտահայտվելու համարձակությունը…Իսկ մայրիկիցս սովորել եմ, թե ինչպես կարելի է սիրել…Իր մեջ անսպառ սեր կա բոլորիս նկատմամբ, պապայի նկատմամբ, արվեստի նկատմամբ…Համբերատարությունը, սերը, ջերմությունը մամայից է փոխանցվել»:

Հարցրինք` Գոհար Սարգսյանն իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ այդպիսին ծնվել եմ…Գուցե անհամեստ թվա, բայց ես միշտ ուրախ եմ եղել: Հիմա էլ, որ նայում եմ դպրոցական տարիների նկարներս, դրանցում միշտ ժպտում եմ…Շատ սիրուն մանկություն եմ ունեցել, հեքիաթի նման…Ծնողներս այդ ամենը կարողացել են մեզ համար ստեղծել, ես էլ նույնը իմ աղջկա եւ տղայի համար եմ անում… Հիմա , որ մարդկանց հետ շփվում եմ ու տեսնում եմ, որ իրենց մեջ տխրություն կա, մտածում եմ, որ երեւի ուրախ մանկություն չեն ունեցել…Ես, իրոք, երջանիկ եմ, որովհետեւ սիրում եմ կյանքը: Ինձ թվում է, որ մարդը պետք է փոքր բաներով կարողանա ուրախանալ… Օրինակ, երբ արթնանում եմ ու տեսնում եմ, որ ծիտիկները կտկտացնում են պատուհանիս տակ եղած ծառի վրա, ուրախանում եմ, կամ ուրախանում եմ լավ մարդկանց հետ շփումից»,- հավաստիացնում է նկարչուհին:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ ` տեսանյութով:

 Լուսանկարները Նարեկ Ավագյանի եւ Գոհար Սարգսյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930