Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում էր՝ սա այն նախագիծն է, որին բոլորը կողմ կլինեն». Արարատ Միրզոյանն ընդունում է, որ անսպասելի է եղել պատգամավորների քվեարկությունը

Նոյեմբեր 14,2019 17:21

«Իմ քայլական» պատգամավորները նախագիծ էին մշակել, որով ուզում էին ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին ու առաջարկ ներկայացնել, սակայն կառավարությունը դեմ էր, ու նախագիծը տապալվեց:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արարատ Միրզոյանն ասաց, որ ջանք չեն թափել, որպեսզի քվե ապահովեն, անհրաժեշտ ձայներ լինեն. «Եթե ցանկանանք, կարող ենք նորից շրջանառել: Եթե այնպես լիներ, որ ուզենայինք ամեն գնով ընդունել, մենք կարող էինք գործուղում մեկնող գործընկերներին խնդրել նամակով տեղեկացնել իրենց «կողմ» քվեարկության մասին, ունեինք նաեւ բացականեր, կարող էինք հորդորել, որ չբացակայեն»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ քվեարկությունից հետո ձեր աշխատասենյակում քննարկում կազմակերպեցիք ձեր խմբակցության քարտուղարի, Սիփան Փաշինյանի մասնակցությամբ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իմ աշխատասենյակում պարբերաբար պատգամավորներ լինում են, անկեղծ ասած, գրեթե մենակ չեմ լինում, անընդհատ շատ տարբեր պատգամավորների հետ քննարկում եմ ունենում, այստեղ ֆորսմաժոր չկա, ժողովուրդ ջան: Ապրենք՝ կտեսնենք»:

Հարցին՝ ձեզ համար կարծես անսպասելի էր, որ օրինագիծը տապալվեց, ինչո՞ւ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Էն առումով էր անսպասելի, որովհետեւ ինձ թվում էր՝ սա այն  նախագիծն է, որին բոլորը կողմ կլինեն, ոչ միայն իմ քայլականները: Վստահեցնում եմ, չեմ ձեւացնում, իսկապես, մեծ խնդիր չեմ տեսնում այստեղ: Կլինի անհրաժեշտություն քննարկել՝ կքննարկենք, նորից կառաջարկեն այս կամ այն մոտեցումը: Մենք ջանք չենք գործադրել, որ ասենք՝ վայ, այսպիսի օրենք է պետք, պետք է անպայման գալ: Հերթական օրենքի նախագիծն է, որը  մարդիկ լսել են հիմնական զեկուցողի շուրթերից, հնարավորություն են ունեցել հանձնաժողովում քննարկել, վերջում որոշել են ոնց քվեարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930