Լրահոս
Օրվա լրահոսը

Բարգավաճ կյանքը թողեցինք՝ վերադարձանք, ուզում էի, որ աղջիկս Հայաստանում մեծանա. Ֆրանսիայից վերադարձած ամուսիններ

Նոյեմբեր 14,2019 17:09

Խաչատուր Երեմյանն ու Աստղիկ Մեսելջյանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո որոշել են վերադառնալ հայրենիք: Չնայած Ֆրանսիայում ունեցած հաջողություններին շախմատի եւ այլ ոլորտներում՝ երիտասարդ զույգը հայրենիքում փոքրիկին մեծացնելը գերադասել է բարեկեցիկ կյանքից: Ասում են՝ աշխատելու, ինչ-որ գործ անելու համար ոչ մի երկրում էլ հեշտ չէ, ամեն տեղ էլ քրտնաջան աշխատանք է պետք հաջողության հասնելու համար:

Անկախ այն բանից, որ Ֆրանսիայում Խաչատուրը հոր մոտ է եղել, որն օրինական կարգավիճակով է այնտեղ գտնվել, ապրելու տեղ եւ աշխատանք է ունեցել, միեւնույն է, չեն ցանկացել իրենց ապագան այնտեղ կառուցել:

«Թող մի կտոր հաց լինի, բայց մեր երկրում, մեր հարազատների, ընկերների մոտ լինենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Աստղիկ Մեսելջյանը, որն արդեն ամուսնու հետ միասին ասեղնագործության փոքրիկ բիզնես է բացել եւ անգամ Ֆրանսիայից պատվերներ է ընդունել:

Կարոտի զգացողությունն էլ է ընտանիքի որոշման վրա մեծ ազդեցություն ունեցել: Երիտասարդ ամուսինները վստահեցնում են՝ Հայաստանն աշխարհում ամենալավ երկրներից մեկն է, հատկապես, երբ այն քո հայրենիքն է:

Մեկնելու ցանկություն ունեցողներին Խաչատուրը ասում է՝ «Պետք է փորձել այստեղ արարել, ստեղծել, հասկանում եմ դժվար է, բայց այնպես չէ, որ եվրոպական երկրում այդ ամենը հեշտ է տրվում»: Կինն էլ ավելացնում է. «Մարդիկ, որոնք պետք է դրսում զրոյից սկսեն, շատ դժվար է, կարող են 5 տարի 10 տարի շատ վատ պայմաններում ապրել, որ գուցե հետո ինչ-որ ֆինանսապես ապահոված լինեն, բայց հանուն դրա պետք չէ մեկնել»:

Ինչո՞ւ են մեկնել հարցին Խաչատուր Երեմյանը պատասխանում է. «Այդ ժամանակվա Հայաստանն իմ սրտով չէր, ես անընդհատ փորձել եմ հիմնել սեփական բիզնես, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Այնտեղ իրականում ամեն ինչ լավ էր, մենք աշխատում էինք շախմատի հայկական ակումբում, այլ առաջարկներ էլ ստացանք, ամենի ինչ բարգավաճում էր, բայց որոշում կայացրինք վերադառնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աստղիկ Մեսելջյանի խոսքով, այստեղ էլ բիզնեսում որոշ դժվարությունների, խնդիրների հանդիպում են, հատկապես, երբ սկսնակ են եւ չգիտեն համապարփակ տեղեկատվություն որտեղից ստանան. «Ուր գնում էինք, ասում էին՝ գնացեք այնտեղ, գնացեք այստեղ, բայց լավ կլիներ, որ սկսնակ գործարարների համար մի տեղեկատու լիներ, որտեղ ամբողջական տեղեկատվություն կլիներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Խաչատուրին եւ Աստղիկին հանդիպեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ տեղի ունեցավ Գերմանիայից կամավոր վերադարձող հայ քաղաքացիների վերաինտեգրման գործընթացը ապահովող «CAROB» ծրագրի պաշտոնական բացումը: Ծրագիրն աջակցում է նաեւ Ֆրանսիայից վերադարձողներին: Ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը կարեւոր համարեց նման ծրագրերի առկայությունը: Այս ընտանիքը նույնպես ծրագրի շրջանում աջակցություն էր ստացել:

Իրենց փորձի մասին պատմեցին նաեւ OFII-ի ծրագրերի այլ շահառուներ, որոնք նույնպես կամավոր վերադարձել են Հայաստան եւ իրենց ձեռնարկություններն են հիմնել:

Ծրագրով արդեն 350 գործ է ուսումնասիրվել, որոնց շահառուներն արդեն Հայաստանում են ու օգտվում են աջակցության տարբեր ծրագրերից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930